«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2010թ. աշնանը ՀՀ կառավարության կողմից 600 հազար եվրոյով գնված «Ուոթերմասթեր կլասիկ III» տիպի բազմաֆունկցիոնալ էքսկավատորը պետք է Սեւանա լիճը մաքրեր ջրի տակ մնացած ծառերից, թփերից ու արմատներից:
Սակայն «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այդ տեխնիկան չի ծառայում իր նպատակին. այն օգտագործում են Սեւանա լճի ափին ամառանոցներ ունեցող պաշտոնյաներն` «իրենց բաժին» Սեւանը մաքրելու համար:
Իսկ այն վայրերը, որտեղ պետք է աշխատեր մեքենան, գարշահոտ ճահիճ են հիշեցնում: Պարզելու համար, թե ինչու լիարժեք չի գործարկվում թանկարժեք էքսկավատորը` «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի ԺՊ Գրիշա Հովհաննիսյանի հետ: «Նման բան չկա: Դե, ասում են, հիմա շատերը կարող են շատ բան ասել: Դրանք ասեկոսեներ են: Մենք գործ ենք անում: Նույն այդ ասողները թող գան տեսնեն օլիգարխի տուն կա՞ այնտեղ, թե՞ ոչ: Շատ հեշտ է նման բաներ ասել»,-արդարացավ Գրիշա Հովհաննիսյանը:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։