Երևանյան փողոցների ամառային անդորրը սեպտեմբերի 1-ից խախտվեց:
Ինչպես ամեն տարի, աշնան առաջին օրը մայրաքաղաքային եռուզեռը մեկ րոպեում ու միանգամից վերականգնվեց: Չնայած բոլոր սեպտեմբերի մեկերն են Երևանում այդպես սկսվում, բայց հատկապես պետավտոտեսչության համար ուսումնական տարվա սկիզբը միշտ «անսպասելի է» մեկնարկում, և ՃՈ-ն գրեթե անպատրաստ է լինում կազմակերպել և ուղղորդել քաղաքային փողոցների բնականոն երթևեկությունը:
Երևանի հիմնական փողոցները հատկապես առավոտյան ժամերին խցանված են լինում, և ինչ-որ բան փոխվում է միայն այն ժամանակ, երբ քաղաքն ու վարորդները հարմարվում են սեպտեմբերյան ծանրաբեռնվածությանը:
Ամփոփելով երեկվա օրը` համեմատենք նախորդ` 2013 թվականի և այս տարվա «սեպտեմբերմեկյան» պատահարները: Նախորդ տարի ողջ հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 1 մարդ զոհվել է, 22-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Իսկ երեկ արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 13-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Մեղրի Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով 2 հոգի տեղում են մահացել, իսկ 1 անչափահաս երեխա` Գորիսի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին: Եվս 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի հիվանդանոց: Ի դեպ, մահացածներն ընտանիքի անդամներ էին:
Ոստիկանությունից Armlur.am-ը տեղեկանում է նաև, որ երեկ արձանագրվել է մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպք, որից 13-ը բացահայտվել է:
Սեպտեմբերի 1-ն, ինչ խոսք, լի է իրադարձություններով: Երեկ Երանոս գյուղի գազալցակայանում ժամը 10:02-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեկ մարդ մահացել է, մեկը`վիրավորվել, մի քանի ժամ անց` 18:22-ին, Երևանի Գարեգին Նժդեհ փողոցում կրկին պայթյունի հետևանքով երկու մարդ մահացել է:
Իսկ ԱԻՆ ահազանգ է ստացվել մեքենաների` շուրջ տասը կողաշրջման դեպքի մասին: Զոհեր բարեբախտաբար չկան: