Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2014թ. օգոստոսին հուլիսի համեմատ արձանագրվել է սակագների 2.2% հավելաճ, ինչը բնակարանային-կոմունալ
ծառայությունների սակագների 4.3% հավելաճի արդյունք է, որն էլ պայմանավորված է 2014թ. օգոստոսի 1-ից ՀՀ-ում էլեկտրաէներգիայի սակագների բարձրացմամբ: Այս մասին նշված է Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած հաշվետվությունում:
2014թ. օգոստոսին հուլիսի համեմատ բնակչությանը էլեկտրաէներգիայի վաճառքի ծառայությունների սակագների հավելաճը կազմել է 11.1%: 2014թ. օգոստոսին հուլիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է կենցաղային բնույթի՝ 0.1%, մշակույթի ոլորտի՝ 0.1%, բուժսպասարկման՝ 0.5%, հանգստի կազմակերպման՝ 1.0%, տրանսպորտի՝ 1.1%, հանրային սննդի` 1.5% ծառայությունների սակագների հավելաճ:
Դրան զուգընթաց, կապի, իրավական ու բանկային ծառայությունների ոլորտներում արձանագրվել է սակագների 0.1% նվազում, իսկ կրթության համակարգի ծառայությունների սակագների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2014թ. օգոստոսին հուլիսի համեմատ արձանագրվել է ծառայությունների սակագների 1.9-2.7% հավելաճ, ընդ որում, սակագների համեմատաբար բարձր հավելաճ գրանցվել է ք. Վաղարշապատում: Մայրաքաղաքում ծառայությունների սակագներն աճել են 2.3%-ով: