Զինհոսպիտալի զինվորը բուժքրոջը սպառնացել է, թե չի լուսացնելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կանազի» զինհոսպիտալի գործով դատական քննությունը Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, շարունակվում է:

Նիստը, ինչպես միշտ, մեկնարկեց մոտ մեկ ժամ ուշացումով` ամբաստանյալ Գարեգին Դանիելյանի ուշ ներկայանալու պատճառով:

Դատարանին ներկայացավ Գարեգինի նոր հանրային պաշտպան Դավիթ Սարգսյանը` որպես նախորդ պաշտպանին` Մալխասյանին փոխարինող: Պաշտպանը հայտնեց, որ Մալխասյանն աշխատանքից ազատվել է:

Ապա դատարանին ներկայացավ վկա, ենթասպա Քրիստինե Առաքելյանը, ով հայտնեց, որ ամբաստանյալներից ճանաչում է Գարեգինին և ինքը զորամասի բուժկետի բուժակ է: Վկան խնդրեց հրապարակել իր նախաքննական ցուցմունքը, քանի որ ոչինչ չի հիշում դեպքի հետ կապված: Նախաքննական ցուցմունքում նշվում էր Գարեգին Դանիելյանի մասին, ում տեղափոխել են զինհոսպիտալ մեկ այլ զորամասից` դաստակի շրջանի վերքերով:

Ապա ներկայացավ վկա, զորամասի հոգեբուժական բաժանմունքի բուժքույր Վանյան Քրիստինեն:

«Ես տեղյակ եմ, որ շամպայն են մտցրել բաժանմունք, բայց ես Դավիթին հարբած վիճակում չեմ տեսել: Մանուկյանն ու Թորոսյանը երկրորդ հարկում էին գտնվում: Դավիթն ինձնից ժամը երեքի սահմաններում Դավիթն ինձնից երեք աթոռ ուզեց, հետո դանակ, բայց դանակը մայրապետը տարավ ու հացը կտրեց: Հետո Դավիթից ալկոհոլի հոտ էր գալիս, ու ինքն էլ ասաց, որ օղի է օգտագործել: Նրան վախեցնելու համար ես ստեցի, թե պետն է գալիս, սակայն պարզվեց, որ իսկապես գալիս է: Պետը բռնեց Ռազմիկի ձեռքը, այդ պահին Դավիթը եկավ ու հեռախոս ուզեց, ես չտվեցի: Հետո աղմուկ բարձրացավ: Դավիթը սկսեց հայհոյել պետին` կպչելով կնոջը, երեխային և բոլորին: Արշակի ներկայությունը ես չեմ հիշում: Մի քանի օր հետո, երբ գնացի աշխատանքի, Դավիթը եկավ ու հեռախոսը պահանջեց, ես ասացի, որ չգիտեմ` որտեղ է: Նա ասաց, որ ես չեմ լուսացնելու: Հետո դուռն այնքան խփեց, որ պատը ջարդվեց: Ես հիստերիայի մեջ էի ընկել»,- պատմեց վկան:

Դավիթ Մարկոսյանի պաշտպան Մարինե Թովմասյանի հարցին՝ ինչ հագուստներով էին հոսպիտալի աշխատակիցները, վկան պատասխանեց, որ ատամնաբույժ Հովսեփյանը սպիտակ խալաթով է եղել, մյուսներին չի հիշում: Թե ինչ գործողություններ է կատարել Դավիթը նրա ներկայությամբ, վկան պատասխանեց, որ ինքը չի հիշում:

Իսկ շամպայնը, վկայի խոսքերով, պատվիրել էր Արա Հովհաննիսյանը: Դեպքից հետո վկան հիշում է, որ Դավիթի ականջին քերծվածքներ են եղել: Բժիշկները մարմնական վնասվածքներ չեն ունեցել:

«Դավիթը մեկ-մեկ լաց էր լինում, Արշակը հանգիստ էր, Ռազմիկը` ագրեսիվ: Ես աշխատանքի էի ընդունվել հոկտեմբերին, և մեկ ամիս անց դեպքը տեղի ունեցավ»,- հիշեց վկան:

Պաշտպան Գագիկ Նալբանդյանի հարցին` ի՞նչ է նշանակում «ստոպ պալատ» արտահայտությունը, վկան բացատրեց, որ դա հիվանդներն էին սահմանել, ինչը նշանակում է` կողմնակի անձանց մուտքն արգելվում է: Ապա պաշտպանը հարցրեց` ինչ էր տեղի ունեցել, որ վկան վախեցել էր, վերջինս ասաց, որ ինքը նոր ընդունված աշխատող էր, և ստեղծված խառնաշփոթն իրեն վախեցրել էր:




Լրահոս