Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ, ինչպես նաեւ անվտանգ երթեւեկության միամսյակի կազմակերպման աշխատանքների շրջանակում, մայրաքաղաքի շուրջ 250 տարածքներում գծանշվել են գրեթե բոլոր ուսումնական հաստատություններին` բուհերին, քոլեջներին, դպրոցներին ու մանկապարտեզներին հարակից ճանապարհահատվածների հետիոտնային անցումները:
Մի քանի փողոցներում, որոնցում ընթանում են ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ, գծանշումը կիրականացվի փողոցների հիմնանորոգումից անմիջապես հետո: Հիշյալ հետիոտնային անցումների առկայությունը նպաստում է ուսումնական հաստատություններին հարակից հատվածներում ճանապարհային երթեւեկության անվտանգության, ինչպես նաեւ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացվող հերթապահության արդյունավետության բարձրացմանը, արդյունքում նաեւ որոշ փողոցներում օրվա ծանրաբեռնված ժամերին երթեւեկության կարգավորմանը։
Նախորդ շաբաթվա ընթացքում գույքագրվել, վերականգնվել ու փոխարինվել են վնասված, ինչպես նաեւ բացակայող ճանապարհային թվով 10 նշաններ։ Տեսողության խնդիրներ ունեցող քաղաքացիների անվտանգ անցուդարձի ապահովման նպատակով էլ ձայնային ազդանշան-սարքավորումներով են կահավորվել մայրաքաղաքի թվով 3 խաչմերուկների, ինչպես նաեւ Հանրապետության հրապարակի ընդհանուր առմամբ թվով 15 հետիոտնային անցումների բոլոր լուսացուցային օբյեկտների հետիոտնային լուսացույցները։