ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով գտնվում է Վայոց Ձորի մարզում: Մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ նախագահը այցելեց Ջերմուկ քաղաքում կառուցվող հյուրանոց-ջրաբուժարանի շինհրապարակ:
Նշենք, որ Ջերմուկ քաղաքի հյուրանոց-ջրաբուժարանի կառուցումը սկսվել է 2009 թվականի ապրիլին և կավարտվի 2013 թվականի աշնանը: Հյուրանոց-ջրաբուժարանի եզրային մասնաշենքը 4 հարկանի է, իսկ կենտրոնականը` հինգ, ավարտված են շենքի երկաթբետոնե կմախքի աշխատանքները:Լրագրողների հետ զրույցում, Երևանի գլխավոր ճարտարապետ, “Նարեկ Սարգսյան ճարտարապետական արվեստանոց”-ի հիմնադիր Նարեկ Սարգսյանն ասաց, որ ջրաբուժարանի կառուցումը Հայաստանում տարածքների համաչափ զարգացման ծրագրերի մաս է կազմում, դրանց թվում են նաև Հանրապետության մի շարք այլ քաղաքներ, այդ թվում Դիլիջանը, Գյումրին:”Սա իր բնույթով շատ խոշոր նախագիծ է: Այն կունենա ժամանակակից չափանիշներին համապատասխանող կենտրոն: Հյուրանոց-ջրաբուժարանը ֆունդամենտալ նշանակություն կունենա”,- ասաց Նարեկ Սարգսյանը:Ներդրումային ամբողջ գումարը կկազմի 4,2 մլրդ դրամ: Հյուրանոց-ջրաբուժարանի շինարարության վրա աշխատում է 45-50 աշխատակից, միջին աշխատավարձը կազմում է 120-140 հազար դրամ: Հյուրանոց-ջրաբուժարանը շահագործման հանձնելուց հետո նախատեսվում է ունենալ 140-150 աշխատակից, որոնց միջին աշխատավարձը կկազմի 80-90 հազար դրամ: