ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն արտաքին քաղաքականության վերաբերյալ բոլոր հարցերին շարունակում է խուսափողական պատասխաններ տալ: Ըստ էության, նա չի ցանկանում լսել լրագրողների հարցերի տեղատարափը, անդրադառնալ վերջին օրերին Ղազախստանի նախագահի կողմից արված հայտարարություններին, Եվրասիական տնտեսական միության ճակատագրին և այլ կարևոր հարցերի:
Ասվածի վառ ապացույցն այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած աշխատանքային քննարկումն էր` արտաքին քաղաքականությանն առնչվող տարբեր խնդիրների շուրջ: Նիստը տեղի ունեցավ փակ, առանց լրագրողների ներկայության, իսկ նիստին մասնակցում էր ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նիստից հետո պատգամավորները նշում էին, թե իրենք իրավասու չեն ներկայացնել փակ քննարկման արդյունքները, իսկ նախարարն էլ խոսեց շատ կարճ:
Նախ նա նույնպես նշեց, թե հրապարակման ենթակա լինելու դեպքում` նիստը փակ չէր լինի: «Արտաքին քաղաքականության ոլորտում որևէ վտանգավոր բան չկա», – նշեց նա:
Նա ոչինչ չասեց նաև Թուրքիայի արտաքին գործերի նորանշանակ նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունների մասին` խոստանալով, որ դրանց կանդրադառնա մի քանի օր անց:
Հիշեցնենք, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը նշել էր, թե Ադրբեջանի հետ միասին կպայքարի հորինված «Հայոց ցեղասպանության» դեմ: «Ադրբեջանը կարող է վստահ լինել՝ ես նույնքան ջանքեր կներդնեմ, որքան և Ադրբեջանի արտգործնախարարը: Բոլոր հարցերում մենք կմիավորենք մեր ուժերը», – նշել էր նա: