Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովն Արգենտինայի հավաքականի հետ ընկերական խաղից առաջ հայտարարել է, որ ազգային հավաքականի ավագը կլինի Բաստիան Շվայնշտայգերը: Բացի այդ` Լյովի օգնականն է դարձել Տոմաս Շնայդերը, ով նախկինում գլխավորում էր «Շտուտգարտ»-ը:
«Այս տարի մենք խաղում էինք Բրազիլիայի աշխարհի առաջնությանը, իսկ 2016-ին պետք է մասնակցենք Եվրոպայի առաջնության եզրափակչին. սա մեր նպատակն է: Մատս Հյումելսը չի խաղա Արգենտինայի ընտրանու դեմ, հարցականի տակ է նաև Սամի Խեդիրայի մասնակցությունը:
Մոտ ժամանակներս հավաքական կհրավիրվեն այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Էրիկ Դուրմն ու Մատիաս Գինտերը: Մենք երիտասարդներին ենք հնարավորություն տալու», – հայտարարել է Լյովը:
Հիշեցնենք, որ հավաքականի նախկին ավագ Ֆիլիպ Լամը 2014թ. աշխարհի առաջնությունից հետո ավարտեց իր ելույթները հավաքականում: