Արժանապատիվ պայմաններ աշխատանքի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի  կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր՝ ապրիլի 18-ին, այցելել է ԿԳՆ լեզվի պետական տեսչություն եւ բարձրագույն որակավորման հանձնաժողով, որոնք վերջերս վերանորոգվել են  Կառավարության տրամադրած ֆինանսական հատկացումներով: armlur.am-ին ԿԳ նախարարությունից հայտնեցին, որ նախարարը շրջել է բարեկարգված սենյակներում, ծանոթացել վերանորոգման աշխատանքներին եւ զրուցել աշխատակիցների հետ: “Այս կրթական հաստատություններում մինչեւ այսօր բացակայում էին աշխատանքի համար տարրական պայմանները:  Տարեվերջին ՀՀ կառավարությունը նախարարության խնայողությունների հաշվին համապատասխան գումար հատկացրեց` նշված հիմնարկները բարեկարգելու եւ կահավորելու նպատակով: Երբ անցյալ տարի ԲՈՀ-ի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ ես խոստացա, որ մոտ ապագայում անպայման կստեղծվեն գիտակրթական հիմնարկին հարիր պայմաններ, շատերը միգուցե թերահավատությամբ ընդունեցին իմ խոսքերը: Այսօր ես ուրախ եմ, որ մեր խոստումները կատարվել են, եւ վերջապես ստեղծվել են արժանապատիվ պայմաններ աշխատանքի համար: Գիտակրթական հիմնարկները նաեւ պետություն են ներկայացնում եւ պետք է անել հնարավորը, որ տվյալ կառույցների աշխատակիցներն աշխատեն արժանավայել պայմաններում”,-ընդգծել է Ա. Աշոտյանը` հավելելով, որ նախորդ տարի ամբողջովին վերանորոգվել եւ կահավորվել է նաեւ նախարարության մեկ այլ ստորաբաժանում` Կրթության պետական տեսչությունը:Այցի ընթացքում նախարարն անդրադարձել է նաեւ Լեզվի պետական տեսչության եւ, մասնավորապես,  ԲՈՀ-ի գործունեությանը` նշելով, որ այն գտնվում է խորը բովանդակային փոփոխություննների մեջ, եւ վերջին երկու տարվա ընթացքում այդ ուղղությամբ կատարվել է հսկայական աշխատանք, այն է` խստացվել են պաշտպանական գործընթացների նկատմամբ պահանջները` եւ’ թեկնածուական, եւ’ դոկտորական աստիճան ստանալու համար, վերակազմակերպվել են գիտական խորհուրդները, ինչպես նաեւ վերանայվել է գիտական ամսագրերի նկատմամբ քաղաքականությունը, փոխվել են վկայագրերը եւ այլն:




Լրահոս