Ոստիկանությունն արձագանքել է ՀԿ-ների հայտարարությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ ոստիկանությունն արձագանքել է մի շարք  հասարակական կազմակերպությունների ապրիլի 17-ի հայտարարությանը: Ինչպես armlur.am-ին տեղեկացրին ոստիկանությունից, հաղորդագրության մեջ նշվում է. “Սույն թվականի ապրիլի 16-ին Վանաձորում իրականացված բողոքի ակցիայի և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակին առնչվող միջադեպի կապակցությամբ ՀՀ ոստիկանությունը լիազորված է հայտարարել հետևյալը.
ՀՀ ոստիկանության կողմից հիշյալ միջադեպի բոլոր հանգամանքները արդեն իսկ ուսումնասիրվում են իրավական ընթացակարգերի շրջանակներում: Արդյունքների մասին հանրությունը կտեղեկացվի:ՀՀ ոստիկանությունն այլ առիթներով բազմիցս նշել է, որ ենթադրյալ իրավունքների իրականացումը սեփական ուժերով չի պաշտպանվում հավաքների ազատությամբ, քանի որ հավաքների խաղաղ իրականացումը բացառում է ներկայացված պահանջների հարկադրաբար կենսագործումը հավաքի մասնակիցների կողմից: Նման գործողությունները կարող են առաջացնել վարչական պատասխանատվություն: Առավել ևս անթույլատրելի է սեփական հայացքների պաշտպանությունն այլ անձանց կամ նրանց պատկանող գույքի հանդեպ հարկադրական գործողություններ կատարելու եղանակներով:
Այդ առնչությամբ սույն թվականի ապրիլի 17-ին մի շարք հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որում հիշատակված կարծիքներն էական մասով համընկնում են ՀՀ ոստիկանության վերը հիշատակված հայտարարությունների տրամաբանության հետ: Այս կապակցությամբ ՀՀ ոստիկանությունն իր գոհունակությունն է հայտնում քաղաքացիական հասարակության կարևոր բաղադրիչներ հանդիսացող կազմակերպությունների դիրքորոշումների հստակեցման կապակցությամբ և պատրաստ է համագործակցել այդ կազմակերպությունների հետ` ապրիլի 16-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքների լրիվ պարզաբանման նպատակով:ՀՀ ոստիկանությունը ակնկալում է, որ դրա արդյունքում հնարավոր կլինի հանգել գործելակերպի այնպիսի ճշտումների, որը կնպաստի նման բնույթի բոլոր, այլ ոչ թե միայն հասարակական կազմակերպությունների դեմ ուղղված գործողությունների կանխարգելմանը:ՀՀ ոստիկանությունը  ևս մեկ անգամ իր պատրաստակամությունն է հայտնում սերտորեն համագործակցելու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, միևնույն ժամանակ ակնկալելով, որ նրանք ոչ միայն հասարակական կազմակերպությունների օրինական շահերը շոշափող, այլ  նաև այլ առիթներով անցկացվող հավաքների առնչությամբ պատշաճ մակարդակով կկարևորեն դրանք ,Հավաքների ազատությանե մասին օրենքին համապատասխան կազմակերպելու և անցկացնելու հանգամանքը”:




Լրահոս