ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն օգոստոսի 28-ին Թուրքիայում մասնակցեց երկրի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը:
Երևանում գործող Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի (ՏՀԿ) տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանն այդ հարցի շուրջ հայտարարությամբ է հանդես եկել, որը armlur.am-ը թարգմանաբար ներկայացնում է ստորև.
«Չնայած ես նախկինում երբեմն քննադատորեն եմ մոտեցել Հայաստանի արտաքին գործերի նախարարի գործունեությանը, բայց այժմ ողջունում և պաշտպանում եմ նրա իրականացրած քայլը, այն է՝ Թուրքիայի նախագահի ինաուգուրացիային (երդման արարողություն) մասնակցելը: ՀՀ ԱԳ նախարարի ներկայությունն այդ իրադարձությանը նշանակալի էր, չնայած Թուրքիան դեռ պետք է վերստին փորձի դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ կամ բացել սահմանը:
Հայաստանի որոշումը` մասնակցել Թուրքիայի նախագահի երդման արարողությանը, ողջունելի է 5 պատճառով.
– Այս երդմնակալությունն առանձնահատուկ էր, քանի որ Թուրքիայի նախագահն առաջին անգամ ընտրվեց ուղղակի ընտրությունների միջոցով, և այդ այցը Հայաստանին հնարավորություն տվեց միանալու ավելի քան 90 երկրի ներկայացուցիչներին` ցույց տալով ՀՀ կարևորությունը համաշխարհային քաղաքականության ու դիվանագիտության մեջ և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ընդգծելով Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը:
– Ընդունելով Թուրքիայի հրավերը` մասնակցել երդմնակալությանը, Հայաստանը կարողացավ պահպանել Թուրքիայի վրա քաղաքական ճնշում գործադրելու հնարավորությունը` ամրապնդելով Հայաստանի՝ արդեն իսկ ուժեղ դիրքերը միջազգային հանրության աչքերում: Եվ այժմ բոլոր սպասումները հիմնականում հենց թուրքական կողմից են:
– Արտգործնախարար Էդ. Նալբանդյանը հերթական անգամ հնարավորություն ունեցավ ցույց տալու, որ Հայաստանը հետևողականորեն ձգտում է ընդլայնել ակտիվ երկխոսությունն ու դիվանագիտական ներգրավվածությունը տարածաշրջանում` ցույց տալով, որ սպառնալիք չի ներկայացնում իր հարևան երկրներից որևէ մեկի համար:
– Հայաստանը կարողացավ վերահաստատել իր պատրաստակամությունը Թուրքիայի հետ բնականոն հարաբերությունների հաստատման հարցում` դրսևորելով ավելի հասուն արտաքին քաղաքականություն: Եվ ի պատասխան նախընտրական քարոզարշավի ընթացքում Թուրքիայի ներկայիս նախագահի հակահայկական հայտարարություններին` Հայաստանը բարոյապես ավելի բարձր կեցվածք դրսևորեց;
– Եվ ի հեճուկս Հայաստանի, այսպես կոչված, քաղաքական ընդդիմության քննադատությանը` Հայաստանի կառավարությունն այս դեպքում հավատարիմ մնաց ավելի սկզբունքային արտաքին քաղաքականությանը, ինչն անհարմար վիճակի մեջ դրեց իր քննադատներին` բացահայտելով ՀՀ ընդդիմության և քաղաքական այլընտրանքների սահմանափակությունն ու սնանկությունը»:
Ռիչարդ Կիրակոսյան, ՏՀԿ տնօրեն