Դաշտում պետք է լինենք մի քիչ խենթ. Բեռնար Շալանդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 2-ին Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց նախախաղային մարզումը «Սկոնտո» մարզադաշտում: Մարզումից առաջ տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի մամուլի ասուլիսը. հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

– Պարո՛ն Շալանդ, Դուք արդեն չորրորդ անգամ այցելում եք Լատվիա: Ինչպիսի՞ն են Ձեր սպասելիքները վաղվա հանդիպումից:

– Սա լավ հնարավորություն է մեզ համար անցկացնելու ընկերական հանդիպում և ստուգելու թիմի վիճակը: Ուրախ եմ, որ նորից գտնվում եմ այստեղ:

– Արդյոք Դուք պատրաստվո՞ւմ եք խաղալ երկրորդ կազմով՝ հաշվի առնելով, որ ունեք պաշտոնական հանդիպում Դանիայի հետ:

– Ոչ, ես երկրորդ կազմով խաղալու իմաստ չեմ տեսնում: Կարելի է, օրինակ, ընդմիջումից հեռո փոխել յոթ ֆուտբոլիստների, բայց ես ուզում եմ տեսնեմ, թե ինչ վիճակում են ֆուտբոլիստները, և այս խաղը շատ կարևոր է այդ առումով: Նաև շատ կարևոր է այն ֆուտբոլիստների համար, ովքեր քիչ խաղային պրակտիկա ունեն: Մենք պաշտոնական խաղ ունենք և պետք է խաղանք լավ թիմի դեմ:

– Ի՞նչ գիտեք Լատվիայի հավաքականի մասին:

– Ես դիտել եմ վերջին երկու խաղերը Էստոնիայի և Լիտվայի հետ: Ես ուսումնասիրել եմ թիմը, կարող եմ ասել որ լավ թիմ է: Իհարկե Գերմանիա չէ, մենք էլ Արգենտինա կամ Հոլանդիա չենք, ինչը նշանակում է, որ այս խաղը շատ լավ փորձություն է մեզ համար:

– Հայտնի է, որ վնասվածք ունի Ռոբերտ Արզումանյանը: Կա՞ն արդյոք այլ ֆուտբոլիստներ, ովքեր վնասվածքներ ունեն:

– Մեր բժշկական անձնակազմն աշխատում է, որպեսզի Ռոբերտը վերականգնվի և մասնակցի Դանիայի հետ հանդիպմանը: Այլ խնդիրներ չունենք: Հայրապետյանը խաղում է իր թիմի երկրորդ կազմում, Մանուչարյանը նույնպես լավ վիճակում է: Որոշ ֆուտբոլիստներ, օրինակ, Մկրտչյանը կամ Սարկիսովը, ունեն խաղային պրակտիկայի պակաս: Նաև այդ առումով այս խաղը կարևոր է, քանի որ խաղալու հնարավորություն է ստեղծում:

– Ենթադրվում է, որ Դանիայի դեմ դուք խաղալու եք պաշտպանությունից, իսկ Լատվիայի դեմ՝ ավելի շատ հարձակվելով: Չե՞ք կարծում, որ դժվար կլինի կարճ ժամանակահատվածում երկու խաղերում տարբեր մարտավարությամբ հանդես գալ:

– Ես հարգում եմ Լատվիայի հավաքականին և կարծում եմ, որ մեզ կհաջողվի ավելի հարձակողական ոճով խաղալ: Այստեղ պետք է հասկանալ մեկ բան. եթե մենք ուզում ենք դուրս գալ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ, մենք պետք է խաղանք ավելի շատ հարձակվողական ֆուտբոլ, անկախ նրանից, թե ով է հակառակորդը՝ Լատվիան, թե Դանիան: Իհարկե կարելի է խաղալ հակագրոհներով և հաղթել 1:0 հաշվով, կամ ոչ-ոքի խաղալ, բայց դա կարող է լինել մեկ անգամ և այս դեպքում ապավինել վերջնական հաջողությանը չի կարելի:

Վերջին ընտրական մրցաշարը Հայաստանի հավաքականը շատ լավ անցկացրեց, բայց, միևնույն, է դա բավական չէր: Հնարավոր է՝ ես ռիսկի եմ դիմում, բայց դա անհրաժեշտ է ընտրական մրցաշարում հաջողություն ունենալու համար: Մենք պետք է լինենք մի քիչ «խենթ»:

– Ի՞նչ նկատի ունեք՝ ասելով «խենթ»: Դա նշանակո՞ւմ է որ թիմը պետք է լինի ավելի ագրեսիվ կամ իր ուժերին ավելի վստահ:

– Այդ երկու հասկացությունները մտնում են «խենթ» ասվածի մեջ: Մենք պետք է ավելի ագրեսիվ խաղանք: Շատ կարևոր է, որպեսզի ֆուտբոլիստները ճիշտ ընկալեն մարզչի հրահանգները: Ես միայն մարզիչ եմ, ես չեմ խաղում, և թիմը դաշտում պետք է ապրի այդ «խենթ» լինելու գաղափարով: Ես կարող եմ «վառել կրակը», բայց պատասխանը պետք է գա ֆուտբոլիստներից, և ես աշխատում եմ այդ ուղղությամբ:

– Հենրիխ Մխիթարյանը խաղալո՞ւ է առաջին րոպեներից:

– Այո:

– Մովսիսյանը և Օզբիլիսը չեն մասնակցի մոտակա հանդիպումներին: Ո՞վ պետք է փոխարինի իրենց և ինչպե՞ս եք պատրաստվում օգտագործել Մաուրո Գևգեոզյանին:

– Ակնհայտ է, որ Մխիթարյանը, Մովսիսյանը և Օզբիլիսը առանցքային խաղացողներից են, առանց որոնց մենք խնդիրներ ունենք: Բայց ես պետք է ընդունեմ իրավիճակը այնպիսին, ինչպիսին որ կա, և հավատամ, որ մյուս խաղացողները կկատարեն այն ինչ պահանջվում է: Կարծում եմ, որ ներկա կազմով մենք լավ խաղ կցուցադրենք:
Ինչ վերաբերվում է Մաուրոյին, այստեղ խնդիր կա իր ակումբի հետ: Այս շաբաթ թիմը խաղ ունի, երկար ճանապարհ, վիզայի խնդիր… և մենք չկարողացանք համաձայնության գալ ակումբի հետ:

– Դուք ասեցիք, որ դիտել եք Էստոնիայի և Լիտվայի հետ հանդիպումները: Լատվիայի հավաքականի ո՞ր գծի ֆուտբոլիստները կարող են ձեզ ավելի շատ տհաճություն պատճառել:

– Դժվար է պատասխանել: Լատվիան ուժեղ է թիմային խաղով: Չի կարելի ասել, որ պաշտպանությունը թույլ է, իսկ հարձակման գիծը՝ շատ ուժեղ: Մի խոսքով, Լատվիան ուժեղ է թիմային խաղով, այլ ոչ թե առանձին գծերի խաղով:




Լրահոս