
«Իսլամական պետության» գրոհայինները համացանցում հրապարակել են տեսագրություն, որում սպառնում են պատերազմ հրահրել Կովկասում, մասնավորապես՝ Չեչնիայում. հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը:
Տեսագրությունում գրոհայինները կանգնած են հին խորհրդային կործանիչի մոտ, որը գրավել են սիրիական Ռակկա պրովինցիայի զինվորական օդանավակայաններից մեկում: Ահաբեկիչներից մեկը, դիմելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, հայտարարում է Չեչնիան ազատագրելու և այնտեղ «Իսլամական խալիֆաթ» հիմնելու մտադրության մասին:
Գրոհայինները սպառնում են նաև Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադին՝ խոստանալով հարվածներ հասցնել օդից: