ԹԻՄԵՐԻ ՄԵՋ ԹՇՆԱՄԱՆՔ ԵՆ ԱՌԱՋԱՑՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թիվ 34 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունն առաջադրած Ազգային Ժողովի պատգամավոր, ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը, անդրադառնալով Գյումրու քաղաքապետի խոսքերին, թե իր փեսայի սպանությունը տանում է դեպի ԲՀԿ, ասաց. «Երբ նա տրամադրություն չի ունենում, մեկին մեղադրում է»:
-Նախօրեին Գյումրիում արտառոց դեպք է տեղի ունեցել, սպանել են Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր ընկերոջը` Կարեն Եսայանին: Տեղեկություններ կան, որ սպանության հեղինակն Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդին է, իսկ նախկին ոստիկանապետը քավոր-սանիկական հարաբերությունների մեջ է Ձեր ընտանիքի հետ:
-Ուրեմն ասեմ, որ բացարձակ նման բան չկա, ընդհանրապես իրականությանը չի համապատասխանում: Առանց ճշտելու` նմանատիպ տեղեկություններ են տարածել: Մենք այդ դեպքի հետ բացարձակ կապ չունենք, առավել եւս` քաղաքական խնդիր այդ հարցի մեջ տեսնելը բացարձակ սխալ է: Մենք այդ տղայի ընտանիքի անդամների հետ շատ մտերիմ հարաբերությունների մեջ ենք` սպանվող տղայի մասին է խոսքը, այդ տղայի քեռիները մեր ազգի, մեր տղաների հետ շատ ջերմ հարաբերությունների մեջ են, եւ բացարձակ չի կարելի էս դեպքերը կապել մեզ հետ: Գյումրի քաղաքը փոքր քաղաք է, յուրաքանչյուր մարդ իրար հետ ընկերություն է անում, ճանաչում են մեկը մյուսին, չկա մարդ, որ քաղաքում մեզ չճանաչի: Եւ նման տեղեկությունները բացարձակ անիրական են:
-Վարդան Ղուկասյանը հայտարարել է, որ բոլոր ձերբակալվածները ԲՀԿ Գյումրու շտաբի կարկառուն անդամներ են:
-Այդ պատմությունը բացարձակ կապ չունի ԲՀԿ-ի հետ: Իրենք ո՛չ կուսակցական են, ո՛չ էլ նրանց ընտանիքի անդամներն են կուսակցական: Ինձ համար անհասկանալի է քաղաքապետի պնդումը, որ ինքն ամեն ինչը պայմանավորում է ԲՀԿ-ով: Մենք մեր քարոզարշավով ենք զբաղված: Դժբախտությունը կապել քաղաքականության հետ, չի կարելի: Ե՛ւ ՀՀ ոստիկանապետը, ե՛ւ Շիրակի մարզային ոստիկանապետն ասացին, որ կատարվածի մեջ քաղաքական ենթատեքստ չկա:
-Ղուկասյանը news.am-ին նաեւ մանրամասնել է, որ «նախորդ անգամ մեզ խփեցին ընտրությունների ժամանակ, որ հանեին ընտրապայքարից, սա էլ նույն սցենարի նման մի բան է»:
-Անցած դեպքերի հետ կապված` էդ մարդն ամեն անգամ տալիս է ինչ-որ մեկի անունը: Երբ ում հետ ինչ խնդիր է ունենում, նոր անունն է տալիս: Հենց տրամադրություն չի ունենում, մեկին մեղադրում է: Ասեմ, որ իր վիրավորվելու ժամանակ առաջինը մենք ենք եղել իրենց կողքին, մինչեւ վիրահատության ավարտը ու հարաբերությունները պահպանվելը: Մենք իր ընտանիքի հետ թշնամիներ չենք, ընդամենը 2008-ի ընտրությունների ժամանակ քաղաքական մրցակիցներ ենք եղել:
-Բայց Գյումրիում տեղի ունեցող կրիմինալ դեպքերը միշտ Ձեզ հետ են կապվում…
-Գիտեք ինչ, այսօր այն ժամանակահատվածն է, որ ուրիշ բան չեն կարող մտածել, եթե ոչ քաղաքական պատվեր կատարելը եւ իմ անունի հետ նման դեպքերը կապելը: Տվյալ լրագրողներն էլ լավ ճանաչում են ինձ ու գիտեն, որ այսօր Գյումրիում լարված պայքար է, քաղաքական մրցակցություն է գնում, եւ ինտրինգներ սարքելով` ավելորդ լարվածություն ու թշնամություն են ստեղծում: Իմ կարծիքով` այդ ամենը քաղաքին հեչ պետք չի, էս քաղաքն առանց այդ էլ այնքան խնդիրներ ունի, էս պահի դրությամբ քաղաքին նման մուտիլովկաներ պետք չեն, դրանք ավելորդություններ են: Մենք ունենք զոհ, ցավում ենք իր ընտանիքի համար, մենք դատապարտում ենք նմանատիպ դեպքերը ու ուրախ կլինենք օր առաջ այս դեպքը բացահայտելու համար:
-Վերջերս Մսի կոմբինատ կոչվող թաղամասում «ռազբորկա» էր տեղի ունեցել Ձեր եւ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու ընկերական շրջապատի միջեւ, որի ժամանակ անգամ կրակոցներ էին հնչել: Նշվեց, որ Ձեր շտաբի աշխատակիցն է եղել այդ ամենի հեղինակը, որն այժմ գտնվում է հետախուզման մեջ: Ի վերջո, ի՞նչն էր եղել այդ վիճաբանության պատճառը:
-Դրա հետ կապված որեւէ բացահայտում չկա, ուղղակի դա էլ նոր ձեւ է մարդկանց վարկաբեկելու, մարդկանց ոստիկանության ձեռքը հանձնելու, ինտերնետային կայքերով նմանատիպ սուտ տեղեկություններ տարածելու համար: Որպեսզի իրականությունը թաքցնեն, արհեստական բաներ շրջանառության մեջ դնելով` մարդկանց գցում են փորձանքի մեջ, մարդիկ հայտնվում են հետախուզման մեջ: Մենք էլ տեղյակ չենք` որտեղ է, դրանից հետո այդ մարդուն չենք տեսել, որպեսզի հետաքրքրվենք, թե կոնկրետ ինչ է եղել: Էդ մարդը, ում փնտրում են, իմ ընկերներից է: Կրակոցներ նման բան չի եղել, ուղղակի էս ամեն ինչը շատ խնամված, մշակված, կազմակերպված թեմա է, դուք լավ գիտեք: Ինձ` որպես այսօրվա դրությամբ պատգամավորության թեկնածուի, բացարձակ նման բաները ձեռք չեն տալիս, որ իմ անվան հետ նման բաներ կապվեն:  Ես խորհուրդ չեմ տա նման բաներն օգտագործել ի շահ իրենց քաղաքական փիարի եւ երկու թիմերի միջեւ թշնամանք առաջացնել:
-Պարո՛ն Գրիգորյան, Ձեր հակառակորդ ՀՀԿ-ական Արման Սահակյանը եւ Դուք իշխանության ներկայացուցիչներ եք: Հիմա իշխանական լծակներն ո՞ւմ օգտին են գործադրվելու:
-Տվյալ թեկնածուի կուսակցությունը սատարում է իր թեկնածուին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուին էլ, բնականաբար, սատարում է ԲՀԿ-ն: Ես իմ քաղաքի մեջ եմ, ինչ հնարավորություն ունեցել եմ, իմ քաղաքի համար արել եմ, էսօր դրսից մարդ է եկել, դրսից մարդ են բերել, դրսից տղա են բերել մեր քաղաքի վրա: Ցանկություն ունեն մեր քաղաքի մանդատը խլել, իսկ մենք մեր քաղաքով պայքարում ենք մեր քաղաքի մանդատի համար:
-Իսկ եթե մեծամասնական ընտրակարգով չընտրվեք, համամասնականով կանցնե՞ք:
-Մենք էդ մասին չենք մտածել, հաշվարկ չենք արել` համոզված լինելով, որ գյումրեցին զրկվել է ամեն ինչից, բայց իր արժանապատվությունից ու թասիբից չի զրկվել: Ես համոզված եմ, որ գյումրեցին մինչեւ վերջ իր թասիբը պահելու է եւ ապացուցելու է, որ չի կարելի գյումրեցու հետ խաղալ:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս