Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը «ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը երբեք էլ չի ցանկացել ՀՀ ոստիկանապետ դառնալ, միշտ մտածել է իր գործը լավ կատարել: -Պարո՛ն Նազարյան, երբ ՀՀ ոստիկանապետ էր Ալիկ Սարգսյանը, Դուք մեծ ցանկություն ունեիք նրա տեղը զբաղեցնել: Իսկ այժմ, երբ ՀՀ ոստիկանապետ է Վլադիմիր Գասպարյանը, կարծես էլ ցանկություն չունեք: Այո՞: -Ուրեմն ես միշտ ամեն ինչ անում էի, որ իմ տեղում շատ լավ աշխատեի: -Իսկ հիմա ոստիկանապետ դառնալու ցանկություն չունե՞ք: -Հիմա ավելի մեծ ցանկություն կա` որպես Երեւանի ոստիկանապետ` ավելի լավ աշխատել: Ես իմ պաշտոնում շատ բան ունեմ անելու իմ քաղաքի համար, իմ համակարգի համար: -Երբ ՀՀԿ-ն Երեւանի համայնքներում հանդիպումների է գնում մարդկանց հետ, Դուք եւս ներկա եք լինում այդ քարոզարշավին, ինչո՞ւ: -Ես պետք է ներկա լինեմ, որպեսզի հսկենք հասարակական կարգը: Ես միտինգներին էլ եմ ներկա եղել` դաշնակների միտինգին էլ եմ ներկա եղել, այցելում եմ, նայում եմ, տեսնում եմ մարդաշատ վայրերը: Ես պարտավոր եմ լինել եւ տեսնել, թե ովքեր են ներկաները: -Այդքան քարոզարշավների մասնակցելուց հետո արդեն որոշե՞լ եք, թե մայիսի 6-ին Ձեր ձայնն ում եք տալու: -Դիրքորոշում միանշանակորեն ունեմ, ես որեւէ կուսակցության չէ, ես իմ ձայնը տալիս եմ իմ գերագույն հրամանատարին, այն կուսակցությանը, որը նա ղեկավարում է: Որտեղ ինքը լինի, մենք մեր ձայնը տալիս ենք մեր ղեկավարին: -Ինչո՞ւ: -Մեր նախարարն է եղել, մեր ղեկավարն է եղել, մեր գերագույն հրամանատարն է, մենք իրան ենք հավատում եւ մեր ձայնը տալու ենք իրան, կուսակցական որեւէ բան չկա այստեղ: -Դուք հավատո՞ւմ եք, որ փոխվելու են: -Շատ-շատ բան փոխվել է, եւ էլի շատ բան է փոխվելու դեպի լավը: Դա ակնհայտ է, վերջին տարիներին հատկապես երեւում է, եւ հույս ունեմ, որ լինելու է ավելի լավը: Դրա համար պետք է բոլորն ընտրությունների գնան, վստահենք մեր նախագահին, եւ երբ մեր նախագահը մեր վստահությունը ստանա, ավելի լավ ու ուժեղ կլինի, Հայաստանի բարեփոխումներն ավելի մեծ ուժով կլինեն: Եւ ժողովուրդը դրա համար պետք է ամեն ինչ անի: -Բայց այսօր ժողովրդին ստիպողաբար են բերում ՀՀԿ-ի հավաքներին, աշխատողներին սպառնում են աշխատանքից հեռացնել, եթե չգան հավաքներին: -Ստիպողաբար չի լինում, մարդուն ուղղակի ուղղություն պետք է տալ գալու համար, բայց դա չի նշանակում, որ ստիպողաբար են գալիս: Ժողովուրդն ուզում է գա, երկրի նախագահին լսի: Ամեն մի նորմալ մտածողություն ունեցող մարդ պետք է գա ու այդ ժամանակ հասկանա, թե որ կուսակցությունն ինչ է առաջարկում, ինչ ծրագիր ունի, որ կուրորեն չգնա ընտրելու, այլ հասկանալով, լսելով: