«Բանդայի» գործով մեղադրյալի մեքենայից հայտնաբերված մարիխուանան` դատարանում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բանդայի» գործով դատական քննությունը շարունակվում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Հիշեցնենք, որ նախորդ նիստին պետք է իրեղեն ապացույցների հետազոտումն իրականացվեր, սակայն դրանք դատարան չբերելու պատճառով նիստը հետաձգվել էր:

Այսօր դատարան են ներկայացել տուժող Կարեն Բեզոյանն ու տուժող Նապոլեոն Ազիզյանի իրավահաջորդը:

Նախագահողը հիշեցրեց, որ պետք է անցնել իրեղեն ապացույցների հետազոտման:

Դատարանը ներկայացրեց ամբաստանյալ Արթուր Մանուկյանի սպորտային պիջակը, Sony ֆոտոխցիկը, որը պատկանում է տուժող Նապոլեոն Ազիզյանի ընտանիքին և հայտնաբերվել է ամբաստանյալների մեքենայում:

Ամբաստանյալ Դավիթ Գալստյանը հայտարարեց, որ ֆոտոխցիկի մասին խոսք անգամ չի եղել նախաքննական մարմնի կողմից, և իրեն դրա մասին չեն հայտնել:

Հաջորդ իրեղեն ապացույցները «Մերսեդեսի» միջից գտնված բջջային հեռախոսներն են, որոնք ամբաստանյալները չճանաչեցին: Դատավորը կարծիք հայտնեց, որ, հավանաբար, հեռախոսները նոր են և չօգտագործված:

Վերջին հեռախոսի մասով պաշտպան Հովիկ Արսենյանը հանդես եկավ հայտարարությամբ, թե ինչ պետք է տա այդ իրը, և ինչու է այն իրեղեն ապացույց ճանաչվել: Այն, պաշտպանի խոսքերով, ոչ մի բանի վրա լույս չի սփռում:

«Փետրվարին են սա երևան բերում, ինչո՞ւ: Երբևէ որևէ մեկին սրա մասին չի ասվել: Ինչո՞ւ են դա թաքցրած պահել: Ինչն էր պատճառը, որ գործարանային համարը գաղտնի է պահվել»,- ասաց պաշտպանը:

Իսկ մեղադրող Խաչատրյանը նկատեց, որ ինչպես նախաքննությանն ասել են ամբաստանյալները, իրենք պարբերաբար գնել են նոր հեռախոսներ և նոր սիմ քարտեր, իսկ գաղտնիությունը եղել է քննչական գործողություններին չվնասելու համար:

«Կարծես թե պարոն Խաչատրյանը սրբագրիչ է: Ի՞նչ է նշանակում՝ բացթողում և անփութություն է եղել»,- բորբոքված ասաց պաշտպանը:

Ազիզյանի կինը հայտարարեց, որ իրենց տանից ֆոտոխցիկ կորել է, և նշեց նաև, որ ինքը որպես ներկայացուցիչ ներկայացել է միայն դատաքննության ընթացքում:

Հաջորդ իրեղեն ապացույցը տուժող Բեզոյանի հագուստներն են: Տուժողը ճանաչեց իր համազգեստը և հայտնեց, որ հափշտակության օրն այն իր հագին չի եղել:

Ամբաստանյալներից Դավթյանը հարց ուղղեց դատարանին, թե «Էդքան միլիոններ են կորել, ինչի՞ են էս շորեր-մորերը բերել էստեղ»:

Ապա ներկայացվեցին կպչուն ժապավեններ, որի վրա առկա էին մազեր և այն Բեզոյանների տանից է առգրավվել: Սրանով կապկպել էին հարձակման ենթարկված Բեզոյանները:

Հաջորդը դիմակներն ու ձեռնոցներն են. դատարանը ներկայացրեց գուլպա` ինքնաշեն դիմակը, որի վրա անցքեր էին: Եվ ամբաստանյալ Արտյուշա Հակոբյանը նշեց, որ այն նման չէ իրեն` ոստիկանների կողմից հագցված դիմակին:

Ապա ներկայացվեց բանվորական ձեռնոցը, որը տուժողը չճանաչեց:

Պաշտպան Հովիկ Արսենյանը խնդրեց իրար կողքի շարել բոլոր դիմակները, ապա դատարանի ուշադրությունը հրավիրեց հետևյալ հանգամանքի վրա. յուրաքանչյուր դիմակի վրա առկա է միայն մի հոգու քրտնահետքը: Պաշտպանը հարցրեց, թե ինչպես հնարավոր է, որ ամեն անգամ նույն դիմակը նույն մարդը կրի, եթե բոլորն իրար նման են:

«Ինչպե՞ս են ամբաստանյալներն իրենց դիմակը ճանաչել: Չէր կարող միանշանակ այնպես լինել, որ յուրաքանչյուրն ամեն անգամ նույն դիմակը կրեր: Սա աճպարարություն է, մեր ազգն այնքան խելոք է, որ ամեն բանի հավատում է»,- ասաց պաշտպանը:

Ամբաստանյալ Մանուկյանը հայտարարեց, որ ձերբակալման օրը ուրիշ` գունավոր դիմակներ են ցուցադրվել, ինչը դատարանում ցույց տված դիմակներին նման չեն: Դատարանը նկատեց, որ հնարավոր է՝ դրանք գործի համար պետք չեն եկել: Ամբաստանյալն էլ նկատեց, որ եթե բերվել են ուրիշի զգեստները, ինչո՞ւ չեն բերվել ավազակային հարձակման համար օգտագործված դիմակները:

«Նայե՛ք իմ տված ձայնասկավառակը ու կտենաք, որ էնտեղի չուլկիներ էս նասկիներին նման չեն»,- ասաց Արտյուշա Հակոբյանը:

Որպես իրեղեն ապացույց ներկայացված սպորտային պայուսակը ամբաստանյալները կրկին չճանաչեցին: Ապա ներկայացվեց կպչուն ժապավենը, որը տուժողը ճանաչեց:

Զուգագուլպաները, որոնք ցուցադրվեցին, կտրտված էին և դրանցից պատրաստվել էին դիմակներ: Պաշտպան Արսենյանը չհասկացավ` ինչու են ներկայացվում այդ գուլպաները, և դրանք գործի հետ ինչ առնչություն կարող են ունենալ:

Ապա ներկայացվեց Արտյուշա Հակոբյանի մեքենայի միջից հայտնաբերված մոխրամանը և ինչ-որ անհասկանալի հեղուկ, որը Հակոբյանը չճանաչեց, սակայն նաև չբացառեց, որ կարող է իր մոտից վերցված լիներ: Սակայն Արտյուշա Հակոբյանը ժխտեց, որ չորացված մարիխուանան իր մեքենայից կարող էր լինել:

Դատական նիստը շարունակվում է:

SAM_0466  SAM_0479

SAM_0484  SAM_0486 SAM_0488  SAM_0490 SAM_0491  SAM_0496 SAM_0502SAM_0505

 

 

 

 

 

 




Լրահոս