ՀՀԿ-Ն ՎԱԽԵՆՈՒՄ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ն` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ոչ միայն չկարողացավ տեր կանգնել իր նախընտրական խոստումներին, այլեւ այս հինգ տարիների ընթացքում սրընթաց ձախողումներ է գրանցել բոլոր ոլորտներում: Ու այսքանից հետո հանդես է գալիս «Հավատանք, որ փոխենք» կարգախոսով: Ընդ որում, երբ համադրում ենք ՀՀԿ ներկայացրած նախընտրական ծրագիրն իրենց կարգախոսի հետ, մեղմ ասած, զավեշտալի պատկեր է ստեղծվում:
2012թ. ԱԺ ընտրություններին ՀՀԿ-ի ներկայացրած նախընտրական ողջ ծրագիրը, ըստ էության, հիշեցնում է գեղեցիկ ու վերամբարձ խոսքերի շարանով ազատ ոճի շարադրություն, որտեղ չկա որեւէ կոնկրետ խոստում: Օրինակ՝ «Տնտեսական քաղաքականության փոփոխությունը» բաժնում ՀՀԿ-ն խոստանում է. «Մենք ծրագրում ենք տնտեսական աճի նպատակադրումներից անցնել տնտեսական զարգացման հայեցակարգին: Մեզ տնտեսական աճից բացի եւ գուցե ավելի շատ տնտեսական զարգացում է հարկավոր»: Թե կոնկրետ որքան աճ են նախատեսում այս բնագավառում, ՀՀԿ-ն գերադասել է լռել:
Սոցիալական հավասարության մասին խոսելիս եւս նրանք նույն կերպ են վարվել: «Շարունակելու ենք ավելացնել երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդին պետական աջակցության ծրագրերի ծավալները… Պետությունը հետեւողականորեն շարունակելու է կենսաթոշակների բարձրացման քաղաքականությունը»: Այստեղ որեւէ խոսք չկա, թե ՀՀԿ-ն քանի անգամ է պատրաստվում ավելացնել երեխայի ծննդին պետական աջակցության ծավալները: Նույնը նաեւ կենսաթոշակների բարձրացման դեպքում. անհասկանալի է՝ ՀՀԿ-ն կենսաթոշակը պատրաստվում է բարձրացնել 50, 100, թե միանգամից 1000 դրամով: Ընդ որում, նմանատիպ ձեւակերպումների ենք հանդիպում նաեւ մյուս «ոլոլորտների» վերաբերյալ ՀՀԿ ծրագրում: Իսկ սա ուշագրավ է այն առումով, որ մինչեւ քարոզարշավի պաշտոնական մեկնարկը, Տիգրան Սարգսյանը շրջում էր մարզերով՝ իբր ՀՀԿ ծրագիրը ներկայացնելուց առաջ այն մարդկանց հետ քննարկելու նպատակով: Պարզվեց՝ վարչապետի մարզային այցելություններն իրականում բոլորովին այլ նպատակներ էին հետապնդում, կամ էլ դրանք անցել են ապարդյուն: ՀՀԿ ծրագրում առկա անորոշությունն ուշագրավ է այն առումով, որ 2007թ. ընտրությունների ժամանակ նրանք տալիս էին կոնկրետ խոստումներ՝ մատնանշելով ակնկալվելիք արդյունքները, որ, օրինակ, 2 անգամ բարձրացնելու են կենսաթոշակներն ու նպաստները: Հստակ խոստում կար նաեւ միջին աշխատավարձի չափի վերաբերյալ:
ՀՀ նախկին վարչապետ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Հրանտ Բագրատյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատահական չհամարեց այս հանգամանքը: Ուշադրություն հրավիրելով, որ ՀՀԿ-ն այս անգամ որեւէ թիվ չի խոստանում` Բագրատյանը դա բացատրեց՝ խուսափում են կոնկրետ պատասխանատվություն ստանձնելուց: «Այս անգամ խոստանում են ընդամենը բառակույտեր, որ, օրինակ, մարդն իրեն մարդ կզգա, Հայաստանի դերը կընդգծվի, մարդու անհատականությունը կիդենտիֆիկացվի եւ նման լոլոների մի շարք: Գրել են՝ կանգնելու են գյուղացու կողքը, կամ գյուղացին պետք է զգա իրենց շունչը: Դա նախընտրական ծրագի՞ր է: Իսկ ո՞վ չի կանգնում գյուղացու կողքը: Ողջ շեշտադրումը դրված է գրական արտահայտությունների վրա: Այս մարդիկ չեն ուզում որեւէ կոնկրետ պատասխանատվություն ստանձնել»,-նշեց նա: Հրանտ Բագրատյանի խոսքերով, եթե հավատանք ՀՀԿ-ին, ապա արդյունքում իրավիճակը գնալով կվատանա: «ՀՀԿ-ի մեջ կա մի քանի մարդ, որոնց պարզապես խորհուրդ կտայի փոփոխություններով չզբաղվել: Փոփոխություններն իրենց գործը չեն, որովհետեւ իրենց մոտ որեւէ դրական փոփոխություն չի ստացվում»,-նշեց Բագրատյանը: ՀՀ նախկին վարչապետը նշեց, որ չկա մի ոլորտ, որտեղ ՀՀԿ-ն ձախողումներ գրանցած չլինի: «Աշխարհի բոլոր տնտեսական միջին ցուցանիշներում 90-100-րդ տեղերում էինք: Լավ ցուցանիշներ չէին, վատն էին: Բայց հիմա 120-130 տեղում ենք: Օրինակ՝ մինչեւ իրենց իշխանության գալը մենք 180 երկրների մեջ կոռուպցիայի մակարդակով 99-ն էինք, հիմա՝ իջել ենք 129-ը: Ահա սա է իրենց փոփոխությունը: Իսկ եթե սա է, ուրեմն նրանց պետք չէ փոփոխությունը»,-մատնանշեց Բագրատյանը:
Ի դեպ, երեկ ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարել էր, որ եթե ծրագրերն ամբողջությամբ չեն կատարվել, ապա դա ոչ թե իրենց մեղքն է, այլ կոալիցիայինը: Հրանտ Բագրատյանը, արձագանքելով այս հայտարարություններին, նշեց. «Իրենք այդ կոալիցիայում գլխավորն են: Եթե ծրագրերը չեն կատարվել, իհարկե կոալիցիայի մեղքն է: Բայց կոալիցիայում ամենագլխավորն իրենք են, ՀՀ նախագահի, վարչապետի ու ԱԺ նախագահի պաշտոններն իրենց ձեռքում են: Մենք ինչպե՞ս կարող ենք ԱԺ նախագահին թողնել, նրա տեղակալներին քննադատել, նույնը նաեւ կառավարությունում: Դա արդարացի չէ: Այո՛, կոալիցիան պատասխանատու է այդ ամենի համար, բայց կոալիցիայի մեջ հիմնական ներկայությունն իրենցն է: Երբ Սերժ Սարգսյանը կբարձրանա ու կասի, որ իր կուսակցությունը ոչ թե ՀՀԿ-ն է, այլ կոալիցիան, այդ ժամանակ կասենք՝ Գալուստ Սահակյանը շատ ճիշտ դիտողություն է արել»:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս