ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ
Ապրիլի 13-ին Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Գ. Սարգսյանը Գյումրիում հանդիպել է ընտրողների հետ: Շախմատի տանը կայացած հանդիպման ընթացքում ներկայացվել են ՀԴԿ-ի նախընտրական ծրագրերը: Արամ Սարգսյանն ընդգծել է, որ գործող համակարգում ոչ մի բարեփոխում չի կարող հանգեցնել իրավիճակի էական փոփոխության: «Ուստի պետք են ոչ թե բարեփոխումներ, այլ համակարգային վերափոխումներ»,-նշել է ՀԴԿ առաջնորդը:
ՀԱՎԱՏ Է ԲԱԺԱՆՈՒՄ
«Մարդու գլխավոր զենքը հավատն է սեփական պատվի հանդեպ: Առանց հավատի ոչինչ չկա»,-ապրիլի 13-ին հայտարարել է ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը` հավելելով, որ սեփական պատվի գիտակցումն է թույլ տալիս ուղիղ նայել մարդկանց աչքերին` անկախ այն բանից, թե ինչպես են քեզ քննադատում: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ճիշտ է, որ նա վերջին շրջանում Աստվածաշունչ է բաժանում, Վլադիմիր Գասպարյանը նկատել է, որ արդեն 14 տարի է, ինչ Աստվածաշունչ է բաժանում:
««ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ»-Ը ՇԱՏ ՓՈՔՐ Է»
««Ժառանգություն»-ը շատ փոքր է, որ պահանջի»,-Aravot.am-ի հարցին` ինչպես եք վերաբերվում «Ժառանգության» պահանջին, որ ընտրությունների համատեղ վերահսկման շտաբի ձեւավորման փաստաթղթի տակ պարտադիր պետք է լինի կուսակցությունների առաջին դեմքերի ստորագրությունները, ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը` հավելելով. «Եթե «Ժառանգություն»-ը համապատասխան խաղեր ունի կատարելու, թող կատարի: Ով պետք է` դա ստորագրել է, ԲՀԿ-ն էլ միշտ հայտարարել է, որ բոլորի հետ պատրաստ ենք համագործակցել արդար, թափանցիկ ընտրություններ կատարելու համար»:
ԼԵՎՈՆԸ` ԲՀԿ ՔԱՐՈԶԻ՞Չ
Կոչ անելով քվեարկել ցանկացած կուսակցության օգտին, բացի իշխող ՀՀԿ-ից եւ նրա կցորդ «Օրինաց երկրից», ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը փորձում է կոալիցիոն դաշտը բաժանել երկու մասի, սակայն նրա նախանշած բաժանումը հասարակական ընկալումներում շատ դժվար է պատկերացնել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը` հավելելով. «Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը ստանձնել է ԲՀԿ քարոզչի դերը, դա իր գործն է»:
ԿԱՄՔ ԿԱ
«Մենք կոչ ենք անում փոխել ոչ թե երկիրը, այլ իշխանություններին»,-երեկ «Ժառանգության» եւ «Ազատ դեմոկրատներ»-ի արագածոտնյան քարոզարշավի ընթացքում հայտարարել է «Ժառանգության» շտաբի ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը: Քուչակ գյուղում հանդիպման ընթացքում նա նշել է, որ ցանկացած շրջան այցելելով, ժողովրդի աչքերին նայելով` տեսնում է, որ նրանց բոլորի մեջ կա կամք մնալու հայրենիքում, չլքելու երկիրը եւ արժանապատիվ ապրելու սեփական երկրում:
ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿ
Շիրակի մարզի թիվ 35 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Հայկ Սուլթանյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել` «միայնակ» թողնելով ԱԺ եւ ԲՀԿ փոխնախագահ Սամվել Բալասանյանին:
ՕԵԿ-Ը «ՄԵՇՈԿ» ՉՈՒՆԻ
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը երեկ` ԱԺ ճեպազրույցի ժամանակ, նշել է, որ ՕԵԿ քարոզարշավն անցնում է շատ բարձր մակարդակով, ներկայացվում են այն ծրագրերը, որոնց կյանքի կոչումը կփոխի մարդկանց կյանքը: Մեկնաբանելով այն լուրերը, թե ՕԵԿ-ը բաժանում է մուրաբա եւ այլ ընտրակաշառքներ, Բիշարյանը հայտարարել է, թե իրենք ընտրակաշառք չեն բաժանում, իսկ մարտի 8-ի կապակցությամբ տրված նվերները չի կարելի համարել ընտրակաշառք: «Ուրիշները մեշոկներով են բաժանում»,-նեղսրտել է Բիշարյանը: