«Բջնիի դաչաներ» կոչվող տարածքի բնակիչներն արդեն մեկ ամիս է, ինչ զրկված են ոռոգման ջրից: Այդ մասին Armlur.am-ին ահազանգեց նշված տարածքի բնակիչներից մեկը:
Նրա ներկայացմամբ, այդ տարածքում նախկինում անմշակ հողեր են եղել, որոնք հենց գյուղացիների միջոցով մշակվել ու այգի են դարձել: Սակայն այժմ նրանք այլևս չեն կարողանում մշակել իրենց այգիները, ամեն ինչ չորանում է, իսկ մարդիկ հուսահատ են ու անհանգիստ:
Խնդրի առնչությամբ Armlur.am-ը կապ հաստատեց Բջնիի գյուղապետ Արմեն Մաթևոսյանի հետ: Նա նշեց, որ նման հարց իսկապես գոյություն ունի:
«Խնդիրը կապված է այգեգործական միություն իջնող ոռոգման ջրագծի հետ: Դրա հետ կապված պատահում է, որ ջուր չի լինում»- նշեց նա:
Գյուղապետի խոսքով, ինքը մշտապես շրջում է այդ դաշտերում, սակայն այսքան ժամանակ նրան այդ խնդրի մասին ոչ մեկ չի զգուշացրել: Նա նշեց, թե որոշ ժամանակ առաջ ընդամենը մեկ բնակչից է համանման բողոք ստացել և այդ հարցին լուծում տվել:
«Թող դիմեն, որ իմանանք խնդիրների մասին: Այսքան ժամանակ այդ տարածքից ընդամենը մեկ բողոք է եղել, գնացել ենք, ուսումնասիրել, ինչով կարողացել, կարգավորել ենք», – ընդգծեց նա:
Գյուղապետի խոսքով, խնդրի լուծման միակ տարբերակն ինչ-որ այլ գծով ջրագիծը տանելն է` հավատացնելով, որ դա արվելու է: