ՆՈՐԱԳԱՎԻԹՈՒՄ ՄԱՐԶԱԴԱ՞ՇՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրությունն ահազանգ ստացավ Նորագավիթի մի խումբ բնակիչներից: Ըստ նրանց` նախօրեին մի քանի անծանոթ երիտասարդներ, ներկայանալով որպես Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցներ, սպառնացել են Նորագավիթի բնակիչներին, որպեսզի ազատեն հողատարածքները: Այսօր քաղաքացիների կողմից մշակվող հողերը նախկինում եղել են Շահումյանի շինխորհուրդի տրամադրության տակ, իսկ հիմա համարվում են համայնքային սեփականություն, որը գտնվում է Երեւանի քաղաքապետարանի տրամադրության տակ:
Նշենք, որ Նորագավիթ թաղամասում գտնվող նախկին կոլտնտեսության հողերի ընդհանուր մակերեսը մոտ 350 հա է, որից 90 հա-ն սեփականաշնորհվել է տարբեր մարդկանց կողմից:  Իսկ մոտ 280 հա վարձակալությամբ է տրվել տեղի բնակիչներին: Այդ պայմանագիրը կնքվել է 1992-ին, ժամկետը լրացել է 2004-ին: Բայց քաղաքացիներն ամենեւին էլ մեղավոր չեն, որ 2004-ից մինչ օրս օգտագործում են հողերը` առանց պայմանագրի թարմացման. Երեւանի քաղաքապետարանն է հրաժարվում վերակնքել պայմանագրերը:
«Մենք չենք ուզում վաճառել մեր հողերը: 200 հատ ծառ միայն իմ հողատարածքում կա»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում դժգոհեց Նորագավիթի բնակիչ Սպարտակ Գրիգորյանը: Նրա խոսքերով` տեղի Հայրենակցական միության նախագահ Աշոտ Եղիազարյանն իր օգնությունն է առաջարկել բնակիչներին` նամակ ուղարկելով Երեւանի քաղաքապետարանին:  
Մենք զրուցեցինք նաեւ պարոն Եղիազարյանի հետ, ով տեղեկացրեց, որ երեկ հանդիպում է ունեցել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ փոխքաղաքապետ Կամո Արեյանի հետ: «Որոշակի պայմանավորվածության ենք եկել, խորհրդակցել ենք, եւ պետք է երեք օրվա ընթացքում այդ հարցերը լուծվեն: Եթե դա որպես գերակա շահ ճանաչեն, ապա որոշ հողատերերի փոխհատուցում կլինի, բայց մենք ուզում ենք, որ մարդիկ շարունակեն մշակել իրենց հողերը: Ես մեր պահանջներն եմ դրել, իրենք՝ իրենցը»,-ներկայացրեց Աշոտ Եղիազարյանը` նկատելով, որ պետք չէ շտապել եւ եզրակացություններ անել: Նրա խոսքերով` ՀՀ հողային օրենսդրության 72-րդ հոդվածի համաձայն` եթե տվյալ մարդը բարեխիղճ ձեռքբերող է, 10 տարի հետո իրավունք է ունենում այդ հողը մշտապես օգտագործելու:
 Բայց այդ հեռանկարը կարծես չի սպասվում նշված հողատերերին, քանի որ բնակիչները պնդում են, որ հողատարածքներից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային (ՀՖՖ) կհատկացվի 12 հա, որպեսզի մարզադաշտ սարքեն: Իսկ մյուս մասում նպատակ կա ջերմոցներ կառուցել: Սակայն ՀՖՖ-ի մամլո քարտուղար Արայիկ Մանուկյանը մեզ հետ զրույցում հերքեց այդ տեղեկությունը. «Մենք հողատարածք չենք փնտրում, որ մարզադաշտ սարքենք»:
Իսկ Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Արթուր Սարուխանյանը բնակիչներին խորհուրդ տվեց դիմել ոստիկանություն` պաշտպանելու իրենց իրավունքները, քանի որ նրանց Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցներ չեն մոտեցել:
Հ.Գ. «Ժողովուրդ»-ը հետեւողական կլինի խնդրին` հասկանալու, թե ինչու պետք է մարդիկ զրկվեն իրենց մշակած այգիներից:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս