ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՃԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդկության գոյությանը համընթաց` զարգանում է մարմնավաճառությունը: Ովքե՞ր եւ ինչո՞ւ են դառնում մարմնավաճառներ: «Մարմնավաճառ դառնալու համար մարդ պիտի ունենա ներքին հակվածություն»,-համոզված է «Այգ» հոգեբանական ծառայության կենտրոնի հոգեբան, հոգեվերլուծող Մարիամ Ավետիսյանը: «Նպաստող գործոն կարող է լինել սեռական դաստիարակության պակասը, ընտանեկան անհաշտ մթնոլորտը, ոչ ճիշտ միջավայրը»,-կարծում  է հոգեբանը:
Մարմնավաճառները «դասակարգվում» են 3 տեսակի` փողոցային, ակումբային եւ էլիտար: Նրանց «վաստակը օրվա կտրվածքով» տատանվում է 1000-ից 500 հազար դրամի սահմաններում:
ՀՀ օրենքով արգելված է պոռնկությամբ զբաղվելը, սակայն դա չի խանգարում, որ այդ երեւույթն օրեցօր ավելի լայն տարածում գտնի: Ըստ ՀՀ ոստիկանության վարչության տվյալների` 2012թ. 1-ին եռամսյակում Երեւան քաղաքում ու մարզերում հաշվառված է 188 մարմնավաճառ, 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ այդ թիվն աճել է 8-ով: Հաշվառված մարմնավաճառներից  102-ը տառապում են սեռական հիվանդություններով: Երեւանի մաշկաբանական հիվանդանոցում դրա վերաբերյալ մեզ տվյալներ չտրամադրեցին, բայց նաեւ  չվստահեցին ոստիկանության տվյալներին, քանի որ իրենց ուսումնասիրությամբ հիվանդների թիվը մի քանի անգամ ավել է: Մարմնավաճառների հետ տարվող աշխատանքի վերաբերյալ Երեւանի մաշկավեներալոգիական հիվանդանոցի գլխավոր   բժիշկ Կարեն Բաբայանն ասաց. «Նախկինում նրանք հոսպիտալացվում էին, բուժման անհրաժեշտ ընթացքը վերահսկվում էր: Նույն հիվանդությունը նախկինում բուժվում էր 1 տարվա ընթացքում, այսօր բավական է 1 ներարկում կամ 1 հաբի ընդունում: Ախտորոշումը կարող է տեւել մինչեւ 24 ժամ` նայած հիվանդության: Ի դեպ, մարմնավաճառների համար այն անվճար է, ինչը երբեմն հարուցում է շարքային հիվանդների զայրույթը»:
ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման պրոֆիլակտիկայի բաժնի պետ, փոխգնդապետ Արամ Սմբատյանը բողոքում է. «Մարմնավաճառին հայտնաբերում եւ ուղարկում ենք բժշկական փորձաքննության: Անալիզները վերցնելուց հետո նրանց ազատ են թողնում, այնուհետեւ զանգում եւ պահանջում նույն մարմնավաճառին: Ի՞նչ է ստացվում, մեր կողմից տարվում է կրկնակի աշխատանք, եւ բնականաբար, ֆինանսական միջոցների կրկնակի ծախս»:
«Եթե կա այսքան մեծաքանակ պահանջարկ, ինչո՞ւ պետությունն իր վրա չի վերցնում հարցի լուծումը, օրինակ` բերում օրինական դաշտ, բացում հասարակաց տներ, որտեղ այդ մարդիկ կլինեն բժշկի վերահսկողության տակ, կունենան իրենց հոգեբանը եւ ի վերջո, կբերվեն հարկային դաշտ»,-հարց է առաջադրում հոգեբան Մ. Ավետիսյանը: Այդպիսի լուծումը չի ողջունում բժիշկ Կ. Բաբայանը` դա համարելով հասարակաց տների առկայությունը խրախուսելու  ձեւ: «Ո՞ւր ենք հասել, ի՞նչ է, մենք ուզում ենք կնոջ մի օրգանը վաճառելու գնով լցնել պետական բյուջե՞ն: Մյուս կողմից, որքա՞ն կանայք կներգրավվեն այդ կարծեցյալ «հեշտ աշխատանքի» մեջ»-իր վրդովմունքն է հայտնում բժիշկը: Ի դեպ,  նշենք, որ ՄԱԿ-ի` Հայաստանում կատարած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ անցյալ տարի միայն մարմնավաճառության բիզնեսում ապօրինի շրջանառվել է 300 մլն դոլար գումար: Այս թիվը ՀՀ պետական բյուջեի  շոշափելի  տոկոսն է կազմում:
Ոստիկանության փոխգնդապետ Ա. Սմբատյանը կարծում է, որ մարմնավաճառության կանխարգելման հարցում իրենց գործունեությունը դառնում է անիմաստ: Որպես հատուկ քրեաբանական սուբյեկտ` հանդես է գալիս ոստիկանությունը, որը սահմանված կարգով կազմում է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն եւ այն ուղարկում համապատասխան ենթակայության  վարչական հանձնաժողովներին, որոնք տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններում իրավահաջորդներ չունեն: Արդյունքում ոստիկանության կազմած արձանագրությունները վերադարձվում են ոստիկանության ստորաբաժանումներ` առանց տուգանքներ նշանակելու: Այդ  պատճառով իրականացվող պրոֆիլակտիկ աշխատանքները դառնում են անարդյունավետ, իսկ հասարակության անվստահությունը ոստիկանության  գործունեության նկատմամբ` արդարացված: Ի՞նչ է ստացվում. օրենքի անկատարության պատճառով մարմնավաճառը մեկ անգամ եւս մնում է անպատիժ: Այն չնչին տուգանքն էլ, որը կազմում է նրա 1 «սեանսի» կեսը, իսկ մեկ տարվա մեջ նույն արարքը կրկնելու դեպքում` լրիվ չափը, չի մտնում համայնքային բյուջե:
Ցավոք, փողոցում սկիզբ առնող բացահայտ գործարքը չի դիտարկվում որպես «փողոցային առեւտուր» եւ չի վերահսկվում: Համայնքային իշխանությունները վստահեցնում են, որ իրենք իրավասու եւ լիազորված չեն կանխարգելելու այն, ինչպես նաեւ` դա համարում են մարդու իրավունքների խախտում: Սա խնդրի մակերեսային կողմն է միայն: Այն առավել խոր արմատներ ունի եւ հեռուն գնացող վտանգներ է ենթադրում:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս