ԲԱՑ ՆԱՄԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության եւ առողջապահության նախարարներին
Հարգարժա՛ն պարոնայք Օհանյան եւ Քուշկյան, կորցնելով նամակների միջոցով հարցիս լուծումն ակնկալելու վերջին հույսը` որպես վերջին միջոց` դիմում եմ Ձեզ այս բաց նամակով:
Ես` Վարդան Վարդանյանս, 1994 թվականի մարտին, որպես կամավոր, զորակոչվել եմ Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանից` մասնակցելու արցախյան պատերազմին: Ծանր վիրավորվել եմ 1994 թվականի մայիսի 3-ին: Առաջին օգնություն ստացել եմ Մեծ Շենի վրանային (շարժական) հոսպիտալում: Արթիկ տեղափոխվելուց հետո տեղի բուժանձնակազմը, տեսնելով վերքի վտանգավորության աստիճանը, ինձ ուղարկեց Երեւանի զինվորական հոսպիտալ, որտեղ վիրաբույժ Ժամագործյանի կողմից կատարվեց վիրահատություն եւ նշանակվեց հաշմանդամության երկրորդ կարգ, որը ստացել եմ 1994 թվականից: 1999թ-ին այն կտրել են` պատճառաբանելով, թե «վերքը փակ է», այն դեպքում, երբ բուժող բժիշկները նշել են, որ վերքը գործող է եւ բացելուց հետո այն չի փակվի (բժշկական տերմինաբանությամբ` «խրոնիկական օստեոմիելիտ` հաճախակի սրացումով»), ինչի մասին ունեմ փաստաթղթեր: Այս ընթացքում մի քանի անգամ դիմել եմ թոշակավորման համար, սակայն ստացել բացասական պատասխան: Ես ի վիճակի չեմ ծանր աշխատանք կատարել եւ ընտանիք պահել` թեք կպած, անընդհատ գործող եւ բեկորներից սուր ցավերի պատճառով: Խնդրում եմ Ձեր միջամտությունը` վերականգնելու թոշակս:

Հարգանքներով` Վարդան Վարդանյան
Շիրակի մարզ, Արթիկ, Մաշտոցի փողոց, 1-ին նրբ.,
տուն 9, հեռ.` (093) 368-408




Լրահոս