Օգոստոսի 20-ին Թալինի քաղաքապետի ազգականները ծեծի էին ենթարկել նույն քաղաքի բժշկական կենտրոնի սրտաբան սիրիահայ Բողոս Աղոյանին:
Շրջանառվող խոսակցությունների համաձայն` Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն իր անմիջական հսկողության տակ է վերցրել այս գործընթացը և արել ամեն ինչ, որ մեղավորները պատասխանատվության չենթարկվեն: Հենց այդ օրն էլ նա հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, որտեղ մինչ այդ սկսել էին նյութեր նախապատրաստել՝ քրեական գործ հարուցելու համար։
Այնուհետև արդեն լուրեր տարածվեցին, համաձայն որոնց՝ բժիշկ Աղոյանն իր բողոքը հետ է վերցրել: Սակայն, չնայած դրան, քննությունը դեռևս շարունակվում է։ Մի շարք հանգամանքների պարզաբանումից հետո արդեն ոստիկանությունը որոշում կկայացնի ծեծված բժշկի բողոքի առնչությամբ:
Armlur.am-ը թեմայի առնչությամբ զրուցեց Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի հետ:
«Ինչի՞ մասին է խոսքը, ես նույնիսկ տեղյակ չեմ այդ պատմությունից»,- ասաց մարզպետը:
Մեր այն դիտարկմանը, թե լուրեր կան, որ կաշառք է առաջարկվել իրավապահ մարմիններին գործընթացը դադարեցնելու համար, մարզպետը հետևյալ կերպ արձագանքեց.«Ի՞նչ կաշառք, ի՞նչ բան: Կարող եք զանգել, բժշկից էլ ճշտել, որ նման բան չկա»: