«Թքած ունեմ էդ հոր վրա. ինքն ինձ համար ամենաթանկ մարդուն է ջնջել աշխարհի երեսից»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 25-ը լրացրեց Ավագյանների և Արամյանների դժբախտ հուշերի ցանկը: Հենց այդ օրը այդպես էլ երջանիկ օրեր չտեսած 40-ամյա Մելանյա Արամյանը հեռացավ կյանքից:

Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում ծնված, Երևանում ուսում ստացած Մելանյան երկու երեխա ուներ՝ դուստր և որդի: Երեխաները վերջին 5 տարում հորդորում էին իրենց մորը ամուսնալուծվել հորից՝ Էդիկ Ավագյանից, ով ողջ ընտանիքի կյանքը դժոխք էր դարձրել, և այնտեղ լարվածությունն անպակաս էր:

Եվ ահա եկավ դժբախտ օրը. Մելանյայի հարազատները նրան արգելեցին գնալ արբեցող ամուսնու մոտ՝ փորձելով համոզել, որ նա վտանգավոր է, և նրանից սպասելի է ամենավատը:

«Այս անգամ էլ գնամ ու վերջ: Տեսնեմ՝ ինչ է ասում: Հնարավոր է կարողանանք ընդհանուր հայտարարի գալ: Եթե նորից իրեն նույն կերպ պահի, մեր հարցերն արդեն դատարանով կլուծենք»,- հարազատների հորդորներին ի պատասխան՝ ասել էր Մելանյան:

Ինչպես Armlur.am-ի հետ զրույցում վստահեցրին նրա հարազատները, Մելանյան չլսեց նրանց ու գնաց: Ժամեր անց իմացան, որ վախը տեղին էր. ամուսինը սպանել էր կնոջը` ծալովի դանակով որովայնին հարվածելով, ապա ինքնասպանության փորձ արել:

Քննիչին Էդիկ Ավագյանն ասել է, թե այդ քայլին է գնացել խանդից դրդված, քանի որ իրեն տեղեկություններ էին հասել, թե կինն իրեն դավաճանել է:

«Աղջիկս բարոյականության տիպար էր, ազնվության, բարության, նամուսի գերի: Էդ մի ամսին, երբ հեռացել էր ամուսնու մոտից, անընդհատ զանգում էր ամուսնու քույրերին, խնդրում էր, որ գնան իրենց ախպորը տեր լինեն, հանկարծ իրա գլխին մի փորձանք չբերի: Էնքան խղճով լի աղջիկ, որ մտածում էր՝ իրա էրեխեքն անհեր չմնան: Բայց ոչ մեկ չգնաց քույրերից: Ինքը պիտի ապացուցի էն, որ ասում է, թե աղջիկս իրեն դավաճանել է: Շատ միջոցներով կարող են դա պարզել: Հորը շատ սիրող երկու երեխաները հիմա պատրաստ են՝ թքեն իրենց հոր երեսին: Էսօր աղջկա հետ խոսում եմ, ասումա՝ տատի քեզնից շատ կնեղանամ, եթե ասես հեր ունեմ: Թքած ունեմ էդ հոր վրա: Ինքն ինձ համար ամենաթանկ մարդուն է ջնջել աշխարհի երեսից»,- արտասվելով պատմեց սպանված կնոջ մայրը՝ տիկին Անահիտը:

Որդեկորույս կինը ցավով նշեց, որ 18 և 20 տարեկան իր թոռները չեն կարողանում հասկանալ՝ ինչու՞ պետք է այդպես լիներ: Նա հիշեց, որ դստեր ամուսնության պահից սկսած՝ իրենց կյանքում հանգիստ օր չի եղել. ամուսինը միշտ արբած էր, համակարգչի առաջ նստած, իսկ կինն առավոտից ուշ երեկո աշխատում էր խմորեղենի արտադրամասում՝ սկեսրոջ դեղերը գնելու և երեխաներին պահելու համար:

«Ինքը նույնիսկ արտադրամաս էր գնացել ու աշխատողներին սպառնացել, որ կսպանի, եթե թողեն կնոջն աշխատի: Ոչ ինքն էր աշխատում, ոչ թողնում էր աղջիկս աշխատի: Անտեղի խանդի տեսարաններ էր սարքում ու կռիվ գցում տունը: Դուք կարաք գնաք նույնիսկ աշխատանքի վայր ու բոլորի կողմից աղջկաս հասցեին միայն գովեստի խոսքեր կլսեք: Ողջ գյուղն է սգում նրա մահը»,- շարունակեց Մելանյայի մայրը՝ հիշելով նաև դրվագ, երբ Էդիկը կնոջն այնպես էր ծեծի ենթարկել, որ թոռնուհին էր միջամտել, նա էլ կնոջը թողել, անցել էր դստեր ծեծին և ողջ մարմինը կապտուկներով պատել:

Իսկ սպանվածի քրոջ ամուսինը՝ Սամվել Տիգրանյանը, հավաստիացրեց, որ Մելանյան իրեն ամբողջովին ընտանիքին էր նվիրել՝ մոռանալով սեփական անձը:

«Խեղճ կինը 2000 դրամ աշխատավարձով տուն էր պահում: Էդ հիմարի համար ծխախոտ էր գնում, հիվանդ սկեսրոջ համար՝ դեղեր, էրեխեքին էլ 200 դրամով մի կերպ հասցնում էր դպրոց: Աղջիկը նշանված է, տղան էլ շուտով պետք է բանակ գնա: Ամուսնուն բազմիցս ասել է, որ ցանկանում է բաժանվել, նույնիսկ տունը չէր ուզում: Ասում էր՝ նույնիսկ շորերը նրան կտա, ու միայն հանգիստ կյանք էր ուզում: Երեխաները հիմա մեզ մոտ են, տատն ու պապը նոր են եկել Ռուսաստանից: Էրեխեքը նրան չեն էլ ընդունի արդեն»,- հավաստիացրեց սպանվածի փեսան՝ հավելելով, որ Մելանյայի հուղարկավորության ժամանակ ելույթ էր ունեցել գյուղի դպրոցի տնօրենը՝ ասելով, թե դժբախտությունը միայն հարազատներինը չէ, այն ողջ գյուղինն է: Իսկ Էդիկի ազգականներին, Տիգրանյանի խոսքերով, հատուկ էր կռվելը, բարեկամների հետ կոնֆլիկտի մեջ լինելը, գողություն անելը, ինչը ժառանգել էր մարդասպան Ավագյանը:

Սպանված կնոջ հարազատները պատմելու շատ բան ունեին՝ սկսած 20 տարի առաջվանից մինչ այսօր, սակայն պատմածն էլ բավական է հասկանալու համար, թե ինչի կարող է հասցնել հիվանդագին խանդը և կասկածամտությունը:

Իսկ կնոջը սպանելուց հետո ինքնասպանության փորձ արած Էդիկ Ավագյանն այս պահին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում է. բուժում է ստանում՝ մնալով մենակ՝ իր խղճի հետ:

Տաթև Հարությունյան




Լրահոս