Դատախազության առարկություններն առանձին կներկայացվեն վարչապետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին հատկացնել գույք և գումար: Ըստ այդմ՝  համակարգչային տեխնիկայի, գրասենյակային նյութերի ձեռքբերման և նախաքննության ընթացքում քննիչների կողմից կատարված ծախսերի փոխհատուցման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 66.8 մլն դրամ:

Բացի այդ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը ամրացված գույքը  կհանձնվի քննչական կոմիտեին:

Քննչական կոմիտեին թույլատրվում է անհատույց օգտա­գործել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության նախկին քննչական ծառայության զբաղեցրած շենքերը, շինություններն ու տարածքները` մինչև վերջինիս գործունեության համար անհրաժեշտ շենքային պայմաններով ապահովումը:

Սահմանվեց քննչական կոմիտեի խորհրդանիշը, նկարագիրը և ձևը: Հաստատվեց նաև քննչական կոմիտեի ծառայողների համազգեստի, տարբերանշանների նկարագիրը և դրանք կրելու կարգը: Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը նշեց, որ Գլխավոր դատախազությունը որոշակի առարկություններ ունի ծառայողների համազգեստի վերաբերյալ և խնդրեց Կառավարությանը, որ ևս երկու օր հատկացնեն հարցը քննարկելու համար:

Աբրահամյանը Դավիթ Հարությունյանին հորդորեց ներկայացնել, թե ի՞նչ առարկության մասին է խոսքը, սակայն Դավիթ Հարությունյանն ասաց, որ առանձին կզեկուցի այդ մասին:




Լրահոս