Քննարկվել է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործող “Գեոթիմ” ընկերությանը և բոլոր բնապահպահպան հասարակական կազմակերպություններին տվեց ևս երկու շաբաթ ժամանակ, որպեսզի արվեն բոլոր անհրաժեշտ ուսումնասիրություններն ու ներկայացվեն փաստաթղթերը: Որոշումը կայացվեց երեկ՝ նախարարի կողմից հրավիրված Ամուլսարի ոսկու հանքավայրի շուրջ քննարկման ընթացքում, որին ներկա էր հանքը շահագործող Գեոթիմ ընկերության հիմնադիր “Լիդիան ինթերնեյշնլի” ղեկավար Թիմ Հոֆլինը: Նա իր խոսքում նշեց, որ ընկերությունը աշխատելու է հանքարդյունաբերության ժամանակակից մեթոդներով: Նա մասնավորպես նշեց, որ էկոլոգիական վնասը մինիմումի է հասցվել: “Սա նորարարական փորձի ներմուծում է, որի շրջանակում անցկացվելու է կանցկացվի սոցիալական ապահովագրության փաթեթ: Մենք ճանապարհների ամբողջ երկարությամբ կեչիներ ու բարդիներ ենք տնկելու: Օժանդակելու ենք նոր ֆերմաների զարգացմանը”,-ասաց նա:
Նշենք, որ ընկերությանը նախապես տրվել է 24.6 հա տարածք, սակայն այն ծրագիր է ներկայացրել հանքը ավելի ընդլայնելու վերաբերյալ:Քննարկման ընթացքում մի շարք բնապահպաններ իրենց խոսքում նշեցին, որ տարածքում կան կարմիր գրքում գրանցված սողուններ, բույսեր ու կենդանի այլ օրգանիզմներ: Բնապահպան Ինգա Զարաֆյանը նշեց, որ հանքի շահագործումը կարող է վնաս հասցնել անգամ Սևանին:”Արփա և Որոտան գետերը հենց այդտեղ են, որոնք գնում հոսում են Սևան: Այդ պատճառով պետք է դա առանձին ուսումնասիրության ենթարկվի”,-նշեց նա:Նշենք, որ Ամուլսարի ոսկու հանքավայրը գտնվում է Ջերմուկից 10-12կմ հեռավորության վրա:Հանքի շահագործմանը կողմ են հարակից գյուղերի բնակիչները, որոնց ղեկավարները այսօր ևս ներկա էին քննարկմանը: Նրանցից մասնավորապես Սարավան համայնքի ղեկավար Սիմոն Բաբայանը նշեց, որ իրենց համագյուղացիները միայն ուրախ են, քանի որ աշխատատեղեր են ստեղծվում իրենց համար:”Մենք 2009-ից համագործակցում են “Գեոթիմ”-ի հետ: Մեր գյուղի գրեթե ամեն երրորդ տանը դրված է ռադիոակտիվությունը չափող սարքը, որը պարբերաբար ստուգում է: Պետք է ասեմ՝ այն ոչ միայն նորմայի մեջ է, այլ նաև երբեմն ցածր: Խմելու ջրերը ևս գալիս, ստուգում են, կրկին մաքուր է: Ավելին՝ նրանք օգնում են որոշ հարցեր լուծել համայնքում”,-ասաց նա և ավելացրեց, որ հանքի շահագործումը նպաստել է աշխատատեղերի ավելացմանը և արտագնա աշխատանքի մեկնած իրենց համագյուղացիները հետ են վերադառնում:




Լրահոս