Եզդի կանայք օգնության կարիք ունեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրաքի Մոսուլ քաղաքից հյուսիս տեղակայված Սինջար եզդիների գյուղը շարունակվում է բնաջնջվել ծայրահեղականների կողմից:

Ինչպես Armlur.am-ին հայտնեց «Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանը, այս պահին առաջնահերթ խնդիր է ստրկացված կանանց և երեխաներին ազատելու հարցը:

ՀԿ նախագահը դժգոհություն հայտնեց Իրաքի կառավարությունից` նշելով, որ նրանց ստրկացվածներին ազատագրելու ուղղությամբ ոչինչ չի ձեռնարկվում:

«Մեր պատգամավորը` Վաքիր Բեխանը, դիմել է նորանշանակ վարչապետին, Իրաքի նախագահին` օպերատիվ խումբ ստեղծելու խնդրանքով: Բայց խնդրանքը դեռևս չեն կատարել, անգամ դրա մասին իրենց ելույթներում չեն հիշատակում: Ստրկացված կանանցից բացի երեխաներ ևս կան, ովքեր ձերբակալվածների կարգավիճակով են: Նրանց նպատակը երեխաներին հավատափոխ անելն է»,- շարունակելով խոսքն` ասաց Ամո Շարոյանը` միաժամանակ նշելով, որ մի շարք հարցերով զբաղվում է իրենց հոգևոր առաջնորդ Հազուն բեկը:

«Միդիա-Շանգալի» նախագահը տեղեկացրեց, որ մինչ դեպքերը Շանգալում եղել է ավելի քան մեկ միլիոն եզդի, իսկ այսօրվա դրությամբ մնացել է 60 հազարը: Ամո Շարոյանի գնահատմամբ` ցեղասպանություն տեսած ժողովուրդն արդեն վախը սրտում է ապրում և ցանկություն չունի վերադառնալու իր օջախը:

Ա. Շարոյանի խոսքով, բնակիչները երաշխիքներ չունեն, որ տեղի ունեցածը չի կրկնվի, այդ պատճառով դիմել են Բաղդադում գտնվող ՄԱԿ-ի գրասենյակին` խնդրելով օժանդակել եզդիների ինքնավար հանրապետության ստեղծմանը, որը կպահպանվի խաղաղապահ ուժերի միջոցով:

Շանգալը կորցնելը, ըստ Ամո Շարոյանի, հավասարազոր է իսպառ կործանման:

ՀԿ նախագահը հայտնեց նաև, որ աջակցության համար նախատեսված ֆոնդի ամենաքիչ գումարը Հայաստանի կողմից է տրվել, ամենաշատը` Գերմանիայի` 4 մլն 400 հազար ԱՄՆ դոլար: Ռուսաստանի կողմից տրվել է 2 մլն դոլար:




Լրահոս