Եթե բավարար չէ, կարող եք մեր վրա դատարան դիմել. ոստիկանապետը՝ ակադեմիկոսին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն այսօր կառավարության նիստի ժամանակ դժգոհեց, որ կառավարության շենքի դիմաց շուրջ մեկ տարի է մի մարդ իրեն և Գիտությունների պետական կոմիտեի նախագահին հասցնում է ամենավերջին վիրավորանքներն ու հայհոյում:

«Բազմաթիվ անգամներ դիմել ենք ոստիկանությանը, որպեսզի միջոցներ ձեռնարկեն: Բայց վերջերս նա նաև դարձել է ագրեսիվ: Անհասկանալի է, որ եթե կան համապատասխան օրենքներ, ինչու՞ մեզ չեն պաշտպանում»,- նշեց նա:

Ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հայտնեց, որ մարդու պատիվն արժանապատվությունը վերականգնելու համար մարդը պետք է դիմի դատարան:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ հետաքրքրվեց, որ եթե մարդուն հայհոյում են ու դիմում է ոստիկանություն, ապա ինչ պետք է անի ոստիկանությունը: Այդ հարցին պատասխանեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

«Ռադիկ Մարտիրոսյանը գրավոր դիմել է մեզ և այդ մարդու նկատմամբ վարչական տուգանք է կիրառվել: Խոսքը 85 տարեկան մարդու մասին է: Օրենքը տալիս է այն, ինչ տալիս է, իսկ դա վարչական տույժն է, եթե բավարար չէ` կարող եք մեր վրա դատարան դիմել»,-ասաց նա:

Հովիկ Աբրահամյանն ասաց. «Այսինքն վարչական տույժով ամեն ինչ ավարտվու՞մ է, եթե ավելին անել չի լինի: Էսքան իրավաբան կա, մի հատ լուծում եկեք գտնենք, հարց եմ տալիս՝ ակադեմիկոս մարդ է, որին անընդհատ հայհոյում են ու վիրավորում, ինչպես պետք է լուծել խնդիրը»:

Դատախազը կրկին ընդգծեց, որ հարցի լուծումը միայն դատարան դիմելու ճանապարհով է, իսկ թե կօգտվի կամ ոչ, տվյալ մարդու խնդիրն է:

Նախարար Հովհաննես Մանուկյանը հորդորեց մասնավոր հարցերի վրա չկենտրոնանալ, բայց նշեց. «Թեև այսօր առկա օրենսդրական դաշտը բավարար է, բայց կա մի ինստիտուտ, որը կարող է հարցին լուծում դնել՝ բարոյակական վնասի ինստիտուտն է»:




Լրահոս