Եղիր զոռբա, խիստ անբարո, թալանչի. ՀՀԿ-ի կարգախոսը` ըստ Ս. Հարությունյանի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժամեր առաջ Սյունիքի մարզը մնաց առանց ղեկավար: Արդեն նախկին մարզպետ Վահե Հակոբյանը նշանակվել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի պետ:

Ինչպես հայտնել էինք, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վերանշանակման հարցը կարող է լուծվել արդեն սեպտեմբերի 6-ին կայանալիք ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ:

Հավանական վերանշանակման մասին նախկին մարզպետը կարճ խոսեց. «Օրը կգա` բարին հետը»:

Ի դեպ, նշենք, որ նախկին մարզպետի տան մոտ նախորդ տարի հունիսի 1-ին տեղի ունեցած փոխհրաձգությունից հետո Սուրիկ Խաչատրյանը հայտարարել էր, թե որոշել է ժամանակավորապես թողնել մարզպետի իր լիազորությունները մինչև նախաքննության ավարտը: Կառավարությունն էլ մինչ օրս չի պարզաբանել, թե ինչ է նշանակում ժամանակավորապես թողնել այդ պաշտոնը այն դեպքում, երբ Սահմանադրությունը նման բան չի նախատեսում։

«Իշխող ռեժիմի պարագլուխներին թվում է, թե Հայաստանում ժողովուրդ գոյություն չունի: Պետք չէ զարմանալ Սուրիկ Խաչատրյանի հնարավոր վերանշանակումից. Սուրիկ Խաչատրյանն ամեն ինչ անելու է, որպեսզի օր առաջ պետական բարձր պաշտոն ստանա, և պետք չէ բացառել մարզպետի պաշտոնին նրա վերադարձը»,- այս համոզմանն է Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը, ով Armlur.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ կկատարվի այն, ինչը պետք է կատարվեր. Սուրիկ Խաչատրյանի` մարզպետի պաշտոնին վերադառնալը, ըստ նախկին քաղաքապետի, որևէ մեկին չպետք է զարմացնի:

«Ուրախ կլինեի, որ մեկ տարի առաջ մարզպետ նշանակված Վահե Հակոբյանը կունենար հաջողություններ, բայց ստիպված ենք արձանագրել, որ, ցավոք, Սյունիքի «լիսկաթափման» գործում որևէ հաջողություն չունեցավ: Կարծում եմ այդ առումով նա մեծ սխալ թույլ տվեց: Սյունիքի և Հայաստանի «լիսկաթափումն» այսօր իսկապես հրամայական խնդիր է: Եվ այս իշխանական ռեժիմին պատահական չէ, որ նախորդ տարվա հունիսմեկյան ոճրագործությունից հետո անվանել են «լիսկայություն», և ամեն ինչ կատարվել է այդ «լիսկայության» տրամաբանությամբ: Իսկ Հայաստանում ընտրակեղծարարության միջոցներով բազում ընտրակեղծիքների կնքահայրն ու վարժապետն է եղել Սուրիկ Խաչատրյանը: Եվ այդ բանը նա սկսել է անել 1994 թվականի մայիսից»,- շարունակելով խոսքն` ասաց Սամվել Հարությունյանը:

Վերջինիս կարծիքով իշխող ռեժիմի պարագլուխը ցանկություն ունի ուղղելու իր թույլ տված սխալը. այն է` նախորդ տարվա հունիսի 1-ի ոճրագործությունից հետո Սուրիկ Խաչատրյանին ազատեցին մարզպետի պաշտոնից:

Գորիսի նախկին քաղաքապետը նշեց, որ հարուցված քրեական գործի շրջանակներում Ս. Խաչատրյանի նկատմամբ մեղադրանք չառաջադրվեց, ավելին` նա շարունակեց մնալ ՀՀԿ Սյունիքի մարզային կառույցի ղեկավար:

«Ըստ էության` Վահե Հակոբյանին պարտադրում էին, որպեսզի իր կուսակցության անմիջական ղեկավար ընդունի Լիսկային, հպատակվի նրան: Բացի դրանից նա նաև Հանրապետական վերջին համագումարում խորհրդական է ընտրվել, ինչպես նաև ԵԿՄ տարածքային կառույցի ղեկավար, վարչության անդամ և այլն: Վերջերս հայտարարել եմ, որ Լիսկան է իշխող ռեժիմի ոգին, նրա միտքն ու կամքը: Իշխող ռեժիմի պարագլուխներն ուղղակի չեն կարող գոյություն ունենալ Լիսկայի և նրա նման արարածների: Փաստորեն Լիսկան էլ հանդիսանում է իշխող կուսակցության կարևորագույն հենասյուներից մեկը»,-ասաց Սամվել Հարությունյանը:

Թե որն է առաջ եկած խնդրի լուծումը, վերջինս նշեց, որ ՀՀԿ-ն վաղուց հայտարարել է, որ իր գաղափարական հայրը Գարեգին Նժդեհն է` մոռանալով, որ նրա պատգամներից մեկն էլ հետևյալն էր. «Եղիր խիզախ, խստաբարո ու չարքաշ»: Սակայն, նախկին քաղաքապետի համոզմամբ, ՀՀԿ կարգախոսը ոչ թե Գ. Նժդեհի նշված պատգամն էր, այլ «եղիր զոռբա, խիստ անբարո, թալանչի» երևույթը:

«Լուծումը մեկն է` պետք է հայ ժողովուրդն օգտվի դեռևս Հայկ Նահապետից ժառանգած իր աստվածատուր ինքնապաշտպանության իրավունքից` ընդվզի: Միայն հայերի բռունցքվելը կփրկի Հայաստանը: Ազատության հրապարակը պետք է դառնա բարոյականության օազիս, հայկյան ոգու էպիկենտրոն: Դրանից հետո պարզապես ժամերի ընթացքում այս հրեշավոր լուծը` պարտադրված մեր ժողովրդին, կտապալվի: Հանրապետությունում ներկայիս ռեժիմի առկայության դեպքում ընտրության ճանապարհով մեր ժողովուրդն իշխանություն երբևէ չի ունենալու»,- վստահաբար ասաց Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը:

Սուրիկ Խաչատրյանի` մարզպետի պաշտոնում վերանշանակվելուց հետո իրավիճակի շուրջ կանխատեսումներ անելով` Ս. Հարությունյանը միանշանակ համարեց այն, որ եթե գոյություն ունի ներկա ռեժիմը, էլ ավելի է վատթարանալու ժողովրդի վիճակը: Նա համոզված է, որ կատարյալ աղետ է լինելու Հայաստանում:

«Կատաստրոֆա կլինի մոտ ապագայում: Այդ վիճակից էլ կուրախանա թուրքը` լինի օսմանլու, թե ազերի: Մինչև ժողովուրդը չտապալի ռեժիմն ու չազատագրվի, որևէ հաջողություն մեր ժողովրդի համար մեր հայրենիքում չեմ պատկերացնում: Հիշեցի, որ 1994 թվականի մայիսի 25-ին, երբ վերջին անգամ Սուրիկ Խաչատրյանը մտավ իմ աշխատասենյակ (Գորիսի քաղաքապետի), ես նրան ասացի, որ սեփական դիմումով կազատվեմ աշխատանքից: Ասացի նրան` «Սուրիկ, դուք ինչքան էլ ջանքեր թափեցիք ինձ ազատելու համար, ձեզ մոտ չստացվեց: Բայց ես չեմ ուզում շարունակել այս ռեժիմի կամայականություններով աշխատել: Ո՞վ պետք է լինի իմ փոխարեն. գոնե մի կարգին մարդ, մտավորական նախատեսե՞լ եք»: Նա էլ ասաց, թե. «Ես վա՞տ տղա եմ»: Սա ասաց այն մարդը, ով հինգ անգամ դատապարտվել էր, չորս անգամ ազատազրկվել, դպրոցից հեռացվել: Հորս միջամտությամբ են մեղմել նրա մի շարք պատիժները»,- հիշեց նախկին քաղաքապետը` նշելով, որ անօրինականությունների հետևանքով էլ սկզբում քրեականացվեցին Գորիսը, ապա` Սյունիքը, իսկ հիմա արդեն` ողջ Հայաստանը:

Տաթև Հարությունյան




Լրահոս