Ռ. Քոչարյանի վերադարձին խոչընդոտ չկա. Գ. Իսագուլյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` մեծ քաղաքականություն հնարավոր վերադարձի մասին Armlur.am-ը զրուցեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հետ:

– Մշտապես բարձրաձայնվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի մասին: Այն հատկապես թեժացավ նրա վերջին հարցազրույցից հետո: Դուք հաճախ եք իր հետ շփվում, ձեզ մոտ ինչպիսի՞ն է տպավորությունը:

– Նմանատիպ հարցերում չեմ կարծում, որ էական է այն տպավորությունը, որ ունեմ անձամբ ես կամ կարող է ունենալ որևէ մեկը: Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը հստակ պատասխանում է այդ հարցին, ըստ որի`«Հանրապետության Նախագահ կարող է ընտրվել երեսունհինգ տարին լրացած, վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին տասը տարում Հանրապետությունում մշտապես բնակվող եւ ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հանրապետության Նախագահի պաշտոնում»: Այս տեսանկյունից պարոն Քոչարյանը բոլոր իրավունքներն ունի առաջադրվելու և ընտրվելու ՀՀ նախագահ:

– Նրա ընկեր Աշոտ Գրիգորյանը նշել է, թե Քոչարյանն իր հետ զրույցում բազմիցս նշել է, թե կմասնակցի 2017-18 ընտրություններին: Ձեզ հետ զրույցում նա նման որևէ բան ասե՞լ է: Կամ ակնարկե՞լ է արդյոք, թե երբ կվերադառնա:

– Շատ լավ ճանաչելով պարոն Քոչարյանին` կարող եմ ասել, որ նա, եթե որևէ բան որոշում է, ապա այդ մասին անձամբ ինքը բարձրաձայնում է և երբեք միջնորդավորված չի խոսում իր հետագա պլանների կամ գործողությունների մասին: Այնպես որ բոլորը կարող են առանց լարվածության և ավելորդ էմոցիաների սպասել, քանզի ես չեմ կարծում, որ որևէ մեկը հստակ պատկերացնում է կամ գիտի, թե երբ կլինեն հաջորդ ընտրությունները, քանի որ մեր այսօրվա իրականությունն այնպիսին է, որ չեն բացառվում նաև արտահերթ ընտրություններ: Իսկ նման զարգացումների պարագայում կամ հերթական ընտրությունների նախաշեմին, վստահ եմ, ամեն ինչ կպարզվի, և եթե նման մտադրություն ունենա պարոն Քոչարյանը, այդ մասին կիմանա ողջ հասարակությունը:

-Իր վերջին հարցազրույցում Քոչարյանը նշել է, թե իր վերադարձը քաղաքականություն կախված է հանգամանքներից: Դուք տեղյա՞կ եք, թե ինչ հանգամանքների մասին է խոսքը: Ե՞րբ կարող են ի հայտ գալ այդ հանգամանքները:

– Պարոն Քոչարյանը 25.12.2012թ. Մեդիամաքսին տված իր հարցազրույցում նշել էր այն երեք հիմնական դրդապատճառները, որոնց առկայության պարագայում ինքը չմասնակցեց 2013թ. նախագահական ընտրություններին, այժմ այդ պատճառները, կարծում եմ, այլևս առկա չեն, և նրա գործնական վերադարձին մեծ քաղաքականություն որևէ խոչընդոտ չկա: Կոնկրետ ես համարում եմ, որ պարոն Քոչարյանը երբեք քաղաքականությունից դուրս չի եղել, որովհետև անհնար է, որ նա ուշադիր չլինի Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող որևէ քաղաքական գործընթացի նկատմամբ: Եվ եթե անհրաժեշտ է համարել, դրանց նաև արձագանքել է: Ռ. Քոչարյանի բոլոր հարցազրույցները ցույց են տվել, որ նա երբեք քաղաքականությունից չի հեռացել:

– Առհասարակ ինչպե՞ս եք գնահատում նրա վերջին հարցազրույցում արված շեշտադրումները:

Այդ հարցազրույցում, կարծում եմ, շատ հստակ և ամփոփ տեսքով տրված է իրավիճակի գնահատականը, իր նախագահության տարիներին նույն պայմանների պարագայում տնտեսական աճի բարձր ցուցանիշների հիմնական խթանիչները, ինչպես նաև հստակ ասվում է, թե ինչ է անհրաժեշտ անել այսօր, որպեսզի երկիրը կարողանա դուրս գալ ստեղծված վիճակից: Անչափ կարևոր է Ղարաբաղյան խնդրի առկայության պայմաններում այն գործողությունների անհրաժեշտությունը, որոնք զերծ կպահեն Հայաստանին ավելորդ ճնշումներից, ինչպես նաև կնպաստեն Հայաստանի ակտիվ և շահեկան մասնակցությանը` բոլոր ինտեգրացիոն գործընթացներին: Հարցազրույցում չի շրջանցվել նաև Սփյուռքի դերակատարությունը ՀՀ և ԼՂՀ կյանքում ու նրա նկատմամբ պետական մշակված ու ճիշտ քաղաքականությունը:




Լրահոս