Հայաստանի ազգային ագրարային համալսարանը (ՀԱԱՀ) ՀՀ հատուկ քննչական ծառայության վարչության պետի տեղակալի ստորագրությամբ ստացել է քրեական դատավարության օրենսգրքի 185 հոդվածի 2-րդ մասին համաձայն փաստաթուղթ,որի համաձայն մերժվում է Հովհաննես Մարգարյանի և Հեղինե Բիշարյանի խնդրանքը քրեական գործ հարուցելու վերաբերյալ: Ներկայացնելով Ագրարային համալսարանի մի շարք ուսանողների և աշխատակազմի կողմից ցանկապատի քան դման օգոստոսի 13-ի միջադեպը՝ այս մասին սեպտեմբերի 4-ին լրագրողներին տեղեկացրեց Ագրարային համալսարանի ընդհանուր գծով պրոռեկտոր Պարույր Էֆենդյանը: Այս մասին հայտնում է «Արմենպրեսը»:
«Այդ միջադեպի կապակցությամբ ՕԵԿ մի շարք անդամներ դիմել էին ՀՀ ոստիկանապետին և գլխավոր դատախազին’ Ագրարային համալսարանի ուսանողների ու աշխատակիցների արարքը բնութագրելով որպես խուլիգանական արարք: Երկու օր առաջ ՀՀ հատուկ քնչական ծառայության վարչության պետի տեղակալի ստորագրությամբ ստացանք քրեական դատավարության օրենսգրքի 185 հոդվածի 2-րդ մասին համաձայն փաստաթուղթ՝ Հովհաննես Մարգարյանի և Հեղինե Բիշարյանի դիմումների հիման վրա քրեական գործ հարուցելու մերժման մասին»,- ասաց Պարույր Էֆենդյանը:
Ագրարային համալսարանի գիտական գծով պրոռեկտոր Դանիել Պետրոսյանի խոսքով` պատգամավորները հայտնում էին, որ միջադեպի արդյունքում Հովհաննես Մարգարյանի ողնաշարն է վնասվել, Հեղինե Բիշարյանի գլուխը, սակայն պարզվեց, որ առաջինն արդեն յոթ տարի է բողոքում ողնաշարի ցավից, իսկ երկրորդը հրաժարվել է բժշկական հետազոտությունից:
«ՕԵԿ կուսակցությունը իր 262 ք/մ տարածքից դուրս աշխատանքներ է իրականացնում ևս 190 ք/մ հողատարածքի վրա, որն անվիճելիորեն պատկանում է Ագրարային համալսարանին և հանդիսանում է պետության սեփականությունը: Որպես դասախոս, ինչպե՞ս մեկնաբանեմ ուսանողին ՕԵԿ անդամների արարքները, որ պատգամավորները չեն ենթարկում օրենքի և կարգ ու կանոնի՞», – նշեց Ագրարային համալսարանի գիտական գծով պրոռեկտոր Դանիել Պետրոսյանը:
Դեպքը տեղի է ունեցել Աբովյան 43/1 հասցեում, ՀԱԱՀ-ը և ՕԵԿ-ը վիճում են այն հողակտորի շուրջ, որը Երևանի նախկին քաղաքապետը հատկացրել էր ՕԵԿ կուսակցությանը որպես հողատարածք, իսկ այժմ այնտեղ գտնվում է երկհարկանի շենք, որն, ըստ բանախոսների, կառուցված է առանց շինթույտվության և նախագծի: «Վատն այն է, որ քաղաքի կենտրոնում ցերեկը և հիմնականում գիշերը կառուցվեց երկհարկանի շենք: Ոչ դատարանը, ոչ ԴԱՀԿ-ը, ոչ քաղաքապետարանը չկարողացան դադարեցնել ապօրինի շինարարությունը», – ասաց Պարույր Էֆենդյանը:
Էֆենդյանը նշեց, որ իրենք ՕԵԿ կուսակցությանը քանիցս խորհուրդ են տվել հողատարածքում օրինական ճանապարհով աշխատանքներ կատարելու վերաբերյալ, որ անհրաժեշտ է դիմել կառավարությանը՝ թույլատվություն ստանալու: Այդ առումով դեռ 2008թ. ՀԱԱՀ խորհուրդը ՕԵԿ-ին իր համաձայնությունն էր տվել համապատասխան տարածքում վարչական շենք կառուցելու: Սակայն համաձայնությունը օրենքի ուժ չուներ, շինարարաություն կարող էր կատարվել միայն կառավարության կողմից համապատասխան թույլատվություն ունենալու դեպքում: Ըստ համաձայնության փաստաթղթի ենթադրվում էր, որ շինությունը պետք է լիներ միայն 262ք/մ մեկհարկանի կառույց՝ առանց այլ շինությունների վնաս հասցնելու: Շենքի շահագործումը պետք է իրականացվեր Ագրարային համալսարանի հետ համատեղ: Սակայն կառավարությունից մերժում ստանալուց հետո ՕԵԿ կուսակցությունը Երևան քաղաքի նախկին քաղաքապետից,վերը նշած 262ք/մ տարածքից բացի, ստացել է սեփականության իրավունք ևս 190 ք/մ համար:
2006 թ. վերջին Ագրարային համալսարանի տարածքում ՕԵԿ-ի կողմից կառուցված շինությունները ճանաչվել են պետական սեփականություն և կառավարության որոշմամբ անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հանձնվել են համալսարանին: Երևանի նախկին քաղաքապետի 2008թ. որոշման մասին համալսարանը տեղեկություն չի ունեցել, և դա պարզվել է միայն 6 տարի հետո:
Լուսանկարը՝ Shamshyan.com-ի