Սեպտեմբերի 4-ին ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց Սև գոտիների հայկական ակադեմիայի նախագահ ու հիմնադիր, աշխարհի Կունգ Ֆու Տաի Նուի Ֆեդերացիայի պաշտոնական ներկայացուցիչ, Մերձավոր Արևելիքի երկրներում ԼՂՀ ներկայացուցիչ, լիբանանահայ Կարո Քաբաբջյանին:
Հանդիպմանը ներկա էին Հայ սև գոտիների միության (A.B.B.A.) համաշխարհային մասնաճյուղերի ղեկավարները, Սև գոտիների հայկական ակադեմիայի հանրային կապերի պատասխանատու Աբրահամ Գասպարյանը և այլ հյուրեր:
Ողջունելով հյուրերին, սփյուռքի նախարարը մասնավորապես նշեց. «Անգնահատելի է Կարո Քաբաբջյանի ներդրումը Սփյուռքում հայապահպանության, հայի ոգին բարձր պահելու, քաջարի, անկոտրում սերունդ կրթելու գործում: Քառասուն տարի շարունակ այս ակադեմիայի թիմը կարողացել է մրցանակներ շահել, հաղթել: Հայ սև գոտիների միության ակադեմիան հայեցի դաստիարակության, հայակերտման մեծ ճամբար է»:
Սև գոտիների հայկական ակադեմիան ստեղծվել է 1974թ. և իր գործունեությունն է ծավալել աշխարհի տարբեր երկրների սփյուռքյան համայնքներում՝ իր հովանու տակ առնելով հարյուրավոր հայորդիների:
Սև գոտիների հայկական ակադեմիայի հանրային կապերի պատասխանատու Աբրահամ Գասպարյանը նշեց, որ ակադեմիան իր մասնաճյուղերն ունի Կանադայում, Լիբանանում, Կիպրոսում, Սիրիայում, Հայաստանում և Արցախում: Նախատեսվում է Հայաստանում բացել նաև գրասենյակ:
Օգոստոսին Հայ սև գոտիների միության թիմն արժանացել է աշխարհի չեմպիոնի տիտղոսին, իր հաղթանակը նվիրել Հայկական Սև գոտիների ակադեմիայի 40-ամյակին, որը սեպտեմբերի 2-ին մեծ հանիսավորությամբ նշվեց Շուշիում՝ Արցախի անկախության 23-ամյակի տոնակատարությունների ժամանակ:
Հայկական Սև գոտիների ակադեմիայի 40-ամյակի կապակցությամբ և հայապահպանության գործում անգնահատելի ներդրման համար ակադեմիայի ղեկավար Կարո Քաբաբջյանը պարգևատրվեց ՀՀ սփյուռքի նախարարության «ոսկե» մեդալով:
Կարո Քաբաբջյանը շնորհակալություն հայտնեց բարձր պարգևի համար և նշեց. «Շնորհակալ եմ նաև ՀՀ նախագահին, որ աջակցում է մեզ դեռևս պաշտպանության նախարար եղած ժամանակներից: Ոչ ոք չի կարող մեզ հաղթել: Մենք պետք է ուժեղ լինենք, միասնաբար պիտի հաղթենք»: