Ծեր կնոջը սպանած անչափահասը հանել է նրա ներքնազգեստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 26-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, հրապարակվեց 16-ամյա Արսեն Քյաբաբչյանի գործով դատավճիռը:

Մշտական բնակության վայր չունեցող անչափահասը դատարանի վճռով ազատազրկվեց 7 տարի ժամկետով` իր ընկերոջ տանտիրոջ` թոշակառու Ամալյա Սարգսյանի սպանության մեղադրանքով:

Այսպիսով՝ դատարանն ապացուցված համարեց դեպքի վերաբերյալ նախաքննական մարմնի ներկայացրած հանգամանքները, որոնց համաձայն` Քյաբաբչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. հունվարի 22-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, իր ծանոթ Անդրանիկ Դանիելյանի տան հյուրասենյակում անձնական հարցերի շուրջ վիճաբանության մեջ է մտել տան տիրոջ՝ Ամալյա Սարգսյանի հետ: Վիճաբանության ընթացքում ձեռքով հարվածել է նրա դեմքին, գցել գետնին, այնուհետև ոտքերով հարվածներ է հասցրել գլխին, դեմքին, պարանոցին և կրծքավանդակին, ապա՝  ձեռքերով սեղմել նրա պարանոցը, ինչի հետևանքով տանտերը մահացել է։

Դատարանի կողմից հաստատված փաստական հանգամանքներից է այն, որ այդ ժամանակ 15-ամյա ամբաստանյալ Արսեն Քյաբաբչյանն իր ընկեր Անդրանիկ Դանիելյանին հանդիպելու նպատակով գնացել է Ամալյա Սարգսյանի տուն։ Վերջինս տանը չի եղել։ Տուժող Ամալյա Սարգսյանը դժգոհություն է հայտնել Քյաբաբչյանի և Դանիելյանի վարքից, Արսեն Քյաբաբչյանից պահանջել է դուրս գալ իր տնից։ Սակայն Քյաբաբչյանը չի ենթարկվել Սարգսյանի պահանջին, մնացել է նրա տան հյուրասենյակում և հեռուստացույց է դիտել։ Կինը անջատել է հեռուստացույցը։ Արսեն Քյաբաբչյանը, վիրավորվելով այդ փաստից, զայրացել է և սպանել կնոջը: Այնուհետև դեպքի վայրից հեռացել է` բանալիով փակելով տան մուտքի դուռը։

Նշենք, որ Արսենի ծնողները 2002թ. ամուսնալուծվել են, որից հետո նա բնակվել է մոր հետ։ 2005-ին մայրը փաստացի ամուսնացել է մեկ այլ տղամարդու հետ, և Ա. Քյաբաբչյանը բնակվել է նրանց հետ։ Արսենի դաստիարակությամբ և խնամքով զբաղվել է սկզբում միայն մայրը` Թեյմինե Գևորգյանը, իսկ 2005-ից սկսած` նաև մոր հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող Վասպուրակ Վարդանյանը։ Արսենն ավարտել է դպրոցի 9-րդ դասարանը։

Արսեն Քյաբաբչյանը տառապել է «Վարքի և էմոցիաների խառը խանգարումներ» հիվանդությամբ, որով պայմանավորված առանձնահատկությունը` ագրեսիվությունն ազդել է նրա վարքի վրա։ Դեպքին նախորդող շուրջ 1 տարվա ընթացքում ամբաստանյալ Ա. Քյաբաբչյանը հեռացել է տնից, վարձակալությամբ բնակվել է տարբեր վայրերում, հաճախակի այցելել ինտերնետ ակումբներ և գիշերել այնտեղ։

Բացի այդ՝ ամբաստանյալ Արսեն Քյաբաբչյանը մեղադրվել է գողություն կատարելու մեջ, սակայն քրեական գործի վարույթը կարճվել է:

Գործով ներկայացած բոլոր վկաները հայտնել են, որ իր բնակարանը վարձով տալու միջոցով ապրող թոշակառու կինը դեպքի օրը չի արձագանքել դռան թակոցներին, ինչը լուրջ կասկածի տեղիք է տվել: Իսկ երբ ժամանել է նրա թոռը, սկսել բղավել, թե տատը մահացել է, ջարդել են դուռը և տանտիրոջը գտել գետնին ընկած վիճակում:

Իսկ անչափահաս ամբաստանյալ Արսեն Քյաբաբչյանի` որպես կասկածյալ տված նախաքննական ցուցմունքում ասվում է, որ  դեպքի օրը ինքը, վերցնելով գետնին ընկած Ամալյա Սարգսյանի գլխարկը, այն սեղմել է նրա դեմքին և պահել մի քանի վայրկյան, որպեսզի վերջինս չբղավի և հարևանները նրա ձայնը չլսեն։ Այդ ընթացքում կինը պայքարել է նրա հետ և իրեն հասցրել վնասվածքներ` դեմքի շրջանում։ Դրանից հետո դուրս է եկել տնից և գտնվելով շփոթված վիճակում` դրսից կողպել է տան մուտքի դուռը, իսկ բանալին նետել տվյալ` Կոնդ թաղամասի աստիճաններին։

Արսենը դատարանում ցուցմունք է տվել այն մասին, որ մինչև 5 տարեկան հասակը բնակվել է իր հարազատ ծնողների` Արմեն Քյաբաբչյանի և Թեյմինե Գևորգյանի հետ։ Ծնողների ամուսնալուծությունից հետո բնակվել է մոր հետ միասին։
Հարազատ ծնողների ամուսնալուծվելուց հետո շուրջ 10 տարի հայրն իրենով չի հետաքրքրվել, նրա հետ որևէ առնչություն չի ունեցել, նրան չի տեսել։ Մեկ անգամ հոր հետ հանդիպել է դեպքից մի քանի ամիս առաջ, մեկ անգամ էլ նրան տեսել է բռնվելուց հետո։
Շուրջ 2 տարի առաջ սկսել է վարձակալությամբ բնակվել տարբեր հասցեներում։
Շուրջ 1 տարի 10 ամիս առաջ նրա մոտ առաջացել են առողջական խնդիրներ։ Ժամանակ առ ժամանակ երևակայությունից դուրս գործողություններ է կատարել։

Ինչ վերաբերում է լուսանկարներում պատկերված տուժողի ներքնաշորը իջեցված լինելու հանգամանքին, դատարանում ասել է, թե ինքն այդ մասին ոչինչ հայտնել չի կարող, քանի որ ինքն այդպիսի արարք չի կատարել։




Լրահոս