ԱՍԵԼԻՔ ՉՈՒՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ Հանրապետական կուսակցությունը վախենում է հրապարակային բանավեճից, արդեն իսկ պարզ դարձավ քարոզարշավի առաջին  շաբաթվա ընթացքում: ՀՀԿ ներկայացուցիչները նախանձելի համառությամբ մերժեցին բանավեճի բոլոր հրավերները` պարզապես բոյկոտելով անցանկալի լրատվամիջոցներին եւ անցանկալի ընդդիմախոսներին: Այս փաստը ավելի քան տարօրինակ է, եթե հաշվի առնենք այն, որ ՀՀԿ ղեկավարն ամեն տեղ կոկորդ է պատռում` խոսելով գրանցած նվաճումների ու ձեռքբերումների մասին: Անհասկանալի է, եթե ՀՀԿ-ն այդքան լավ է աշխատել, ինչու չի ցանկանում իր գործունեությունը քննադատողների փաստարկները մեկ առ մեկ ջախջախել նրանց հետ ուղիղ` դեմ առ դեմ բանավեճում` այդպիսով վերջ դնելով ընդդիմախոսների  «շահարկումներին»: Գուցե ասելիք չունի՞: Ինչ խոսք շատ հեշտ է կանգնել  հարկադրաբար բերված  մարդկանց առջեւ ու  բոցաշունչ ելույթներ ունենալ, երբ դիմացը խոսող չկա, հակընդդեմ հարց  տվող չկա, քննարկում չկա` այնպես, ինչպես ՀՀԿ բոլոր ընտրական հանդիպումներում: Սակայն խնդիրն այն է, որ այդքանով հանդերձ, ՀՀԿ որոշ ներկայացուցիչներ նաեւ հոխորտում են` հրապարակավ բանավեճի պատրաստակամություն հայտնելով: Օրինակ՝ Ռուբեն Հայրապետյանը օրերս հայտարարեց, թե պատրաստ է բանավիճել Հայ ազգային կոնգրեսի առաջին տասնյակի ներկայացուցիչներից ցանկացածի հետ` բացի Լյուդմիլա Սարգսյանից եւ Արամ Զավենի Սարգսյանից: Ի պատասխան` ՀԱԿ անդամ, թիվ 7 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Նիկոլ Փաշինյանն ընդունեց այդ հրավերը, ինչի մասին  լրատվամիջոցների միջոցով հատարարեց, ավելին` հրապարակավ ծանուցեց «Արմնյուզ»-ի «Բանաձեւ» ծրագրի վարող Արտակ Ալեքսանյանին:  Եվ ահա այդ ամենից հետո, երբ երեկ Նիկոլ Փաշինյանը սահմանված ժամին  ներկայացավ «Արմնյուզ» հեռուստաընկերություն, նրան պարզապես թույլ չտվեցին մուտք գործել  հեռուստաընկերության շենք, քանի որ, ինչպես պարզվեց, Ռուբեն Հայրապետյանը հերթական անգամ  դրսեւորել է իր «տղավարի» սկզբունքայնությունը` հետ կանգնելով սեփական խոսքից (ինչը վերջերս հաճախ է անում,  օրինակ՝ պատգամավոր առաջադրվելու հարցում): Նա ուղիղ եթերում հայտարարեց. «Ես ո՞նց կարող եմ բանավիճել մի մարդու հետ, որին չեմ հարգում: Իմ համար վիրավորական է Նիկոլի հետ բանավիճելը»: Հետաքրքիր է, իսկ երբ հոխորտում էր, թե պատրաստ է բանավիճել ՀԱԿ առաջին տասնյակի ներկայացուցիչների հետ, մոռացե՞լ էր, որ «չի հարգում Նիկոլին»:
Ավելորդ չէ հիշեցնել, որ Հայրապետյան-Փաշինյան  մի հեռակա բանավեճ արդեն եղել է` ամիսներ առաջ, երբ Հայրապետյանն իրեն հատուկ բառապաշարով հայտարարեց, թե «բանտում Նիկոլ Փաշինյանին  վատ բան են արել», ինչին Փաշինյանը հրապարակավ արձագանքեց` ասելով, որ «ինքը վատ բան արած ունի Ռուբեն Հայրապետյանին»: Այդքանով այդ «բանավեճն» ավարտվեց: Կարծում ենք, ավելորդ է նշել`  թե հօգուտ ում:




Լրահոս