Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ երեկ մեկնել էին Արարատի մարզ. Մասիս, Արտաշատ քաղաքներում տեղի ունեցած հանդիպումներից հետո Կոնգրեսն իր այցն ավարտել է Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդավայր Արարատում: Ի դեպ, այստեղ Կոնգրեսի հանրահավաքի մասնակիցներից քիչ հեռու կանգնած էր նաեւ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը:
Հիշեցնենք, որ նա վերջերս ներկա էր եղել նաեւ ՀՀԿ հանդիպմանը, դեռ ավելին, Սերժ Սարգսյանին դիմավորողներից մեկն էր: «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն անդրադարձավ այդ փաստին. «Մենք տարբեր ենք։ Եթե նայեք, մենք տարբեր նախասիրություններ ունենք։ Վազգենն արձակագիր էր, ես` ինժեներ, Արմենը՝ տնտեսագետ։ Բայց մենք մի ընդհանուր բան ունենք։ Մենք երբեք որեւէ բան չենք անում ձեւերի համար, դերասանության համար: Հենա էնտեղ կանգնած է իմ եղբայր Արմենը։ Լրագրողներին հետաքրքրում է, թե ինչու է Սերժ Սարգսյանի` այստեղ գալուց Արմենն այստեղ եղել։ Ես Արմենին սիրում եմ էնպիսին, ինչպիսին ինքը կա։ Ոչ թե էնպիսին, ինչպիսին ես եմ ուզում։ Այն մարդիկ, ում մտքերով բաներ է անցնում, այդ մարդիկ թող իմանան, որ Արմենը, բացի Արամի եղբայրը լինելուց, նաեւ Վազգեն Սարգսյանի եղբայրն է։ Ինքը անհատականություն է եւ դերասանության ոչինչ չի անում»։ Արամ Սարգսյանը նաեւ նշեց, թե Սերժ Սարգսյանն Արարատ կատարած այցի ժամանակ չկանգնեց Վազգենի արձանի մոտ ու այդտեղից ելույթ չունեցավ, նախընտրեց քաղաքապետարանի դիմացը: «Երեւի արձանի ազդեցությունը մեծ էր»,-եզրակացրեց նա։ Կոնգրեսի անդամ Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց, որ ՀԱԿ-ն ԱԺ ընտրություններին մասնակցում է ոչ թե խորհրդարանում տեղ ունենալու համար, այլ այնտեղ Սերժ Սարգսյանի իմպիչմենտի հարցը բարձրացնելու նպատակով: Իսկ դրա համար, ըստ Ջհանգիրյանի, հարկավոր է, որպեսզի ՀԱԿ-ը ծանրակշիռ ներկայություն ունենա: ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանն էլ, խոսելով արտագաղթի ծավալների մասին, ասաց, թե երկիրն արյունաքամ է լինում, եւ տասը տարի հետո ՀՀ-ն կդառնա պարզապես ընդարձակ դաշտ:
ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում ասաց, թե հանրահավաքներին մարդկանց քիչ թիվը ոչ թե վախի հետեւանքով է, այլ արտագաղթի: «Ուզո՞ւմ եք այս թշվառությունից դուրս գալ եւ իշխանության առջեւ անընդհատ պահանջներ դնել, ընտրե՛ք մեզ: Իշխանությունը միշտ էլ գող կլինի, քանի դեռ նրան արգելող չկա: Ընտրե՛ք մեզ, եւ եթե մեր կառավարումը ձեզ դուր չգա, մեր վզի՛ն էլ տվեք եւ ազատվե՛ք մեզանից»,-ասաց նա: Իսկ Արարատում կայացած հանդիպման ժամանակ Տեր-Պետրոսյանը նշեց, որ ՀՀ-ում իշխանափոխություն տեղի չի ունենում Արեւմուտքի պատճառով: «Հայաստանում Արեւմուտքին պետք է, այո՛, Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի նման թույլ իշխանություն, որովհետեւ նրանց կառավարելը հեշտ է»,-նշեց նա։
ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՉԻ ԹՈՂՆՈՒՄ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ