Հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն հրահրողները կշատանան. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ Արևմուտք-Ռուսաստան հակադրության աննախադեպ սրման  ֆոնին նոր վտանգներ էին առաջանալու Ղարաբաղի համար` սպասելի էր արդեն անցած օգոստոսից, երբ սահմանային լարվածությունը փորձագետների մի մասը կապում էր բացառապես Ռուսաստանի հետ, մյուս մասն էլ պնդում, թե դրանում խառն է ԱՄՆ-ի մատը: Երկու դեպքում էլ, սակայն, կասկածի տակ չէր դրվում, որ այդ լարվածության  հրահրման հանձնարարությունը Ալիևին տրվել էր դրսից: Դատելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի` Բաքվում արած վերջին հայտարարություններից և Ղարաբաղի հարցը ՆԱՏՕ-ի գագաթաժողովի օրակարգում ընդգրկելու քայլից`  առաջիկայում հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն հրահրողների  շրջանակն ընդլայնվելու է:

Ս. Սարգսյանի` երեկ ՆԱՏՕ-ի գագաթաժողովում ունեցած ելույթը, որտեղ նա բավականին կոշտ և հստակ ձևով ՆԱՏՕ-ին հորդորեց ձեռնպահ մնալ թուրքա-ադրբեջանական  լոբբինգի ազդեցությունից և չընդունել այնպիսի փաստաթուղթ, որը կհակասի ԵԱՀԿ ՄԻՍԿի խմբի  բառապաշարին` ցույց է տալիս, որ իրավիճակը լուրջ է:  ՙԵրկու տարբերակ կա. կամ կընդունվի ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմամբ զբաղվող միակ մասնագիտացված միջազգային կառույցի` ԵԱՀԿ Մինսկի խմբի բառապաշարը…, կամ կրկին կանցնի սեփական ժողովրդի աչքում մեր հարևան բռնապետի դեմքը փրկել ցանկացող մեկ այլ անդամ երկրի լոբբինգը, որը, հավատացնում եմ ձեզ, որևէ լավ տեղ չի տանում՚,- զգուշացրեց Սարգսյանը, որի` Ուելս մեկնելը, թերևս, պայմանավորված էր հենց  ընդունվելիք փաստաթղթի հակահայկականությամբ:

Նկատենք, որ 2008թ-ից ի վեր` սա ՆԱՏՕ-ի առաջին գագաթաժողովն է, որին Հայաստանը ներկայանում է նախագահի մակարդակով: Մինչ այս եղած 2009-ի,  2010-ի և  2012-ի գագաթաժողովներին Հայաստանից մասնակցել են ԱԳ նախարար Է. Նալբանդյանը և ՊՆ նախարար Ս. Օհանյանը: Ընդ որում, նկատենք, որ այն ժամանակ  նախ` Հայաստանը  վարում էր եվրոպամետ արտաքին քաղաքական կուրս, և երկրորդ` Արևմուտք-Ռուսաստան ներկայիս հակադրությունը չկար: Եվ եթե այն ժամանակ Ս. Սարգսյանը խուսափում էր մասնակցությունից, ըստ ամենայնի` չցանկանալով Ռուսաստանին նյարդայնացնել, ապա հիմա` ՀՀ-ի` ԵՏՄ-ին անդամակցելու որոշման և Ռուսաստանի միջազգային  մեկուսացման գործընթացի ֆոնին նրա մասնակցության համար պետք է որ լիներ չափազանց կարևոր շարժառիթ, որն էլ, ինչպես արդեն պարզ դարձավ, Ղարաբաղի հարցով անբարենպաստ փաստաթղթի ընդունումը և Ղարաբաղը որպես ՆԱՏՕ-Ռուսաստան շահերի բախման  գործիք օգտագործելու հեռանկարի կանխումն է:

Կհաջողվի արդյոք դա Սերժ Սարգսյանին` դժվար է ասել: Իհարկե` ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի նախաձեռնած Ալիև-Սարգսյան հանդիպումն ու դրան հետևած Քերիի հայտարարությունը, ինչպես նաև`  Օլանդի հետ  հանդիպումն ու Փարիզում կայանալիք Ալիև-Սարգսյան-Օլանդ եռակողմ հանդիպման ամրագրումը որոշակի հույսեր ներշնչում են: Սակայն ինչպես հայտնի է` քաղաքականությունը հնարավորի արվեստ է, իսկ Թուրքիայի հնարավորությունները, ցավոք, բավականին մեծ են:




Լրահոս