Նախորդ տարվա հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկի Խաչատրյանի առանձնատանը հնչած կրակոցների գործով մեղադրյալ Արտակ Բուդաղյանի պաշտպանը` Հայկ Ալումյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրեց, որ դեպքից հետո Գորիսի առանձնատանը խուզարկություն որպես այդպիսին չի կատարվել:
Պաշտպանի ձեռքի տակ եղած փաստաթղթերից երևում էր, որ դեպքի հաջորդ օրը` ժամը 12:00-ին, այսինքն` դեպքից 12 ժամ անց, առանձնատուն է ներկայացել մի քննիչ, ով 35 րոպե տևողությամբ խուզարկություն է անցկացրել:
Հայկ Ալումյանը հարց ուղղեց, թե ինչպես կարող է ընդամենը մի հոգի իրականացնել այդ հսկայական առանձնատան խուզարկությունն այդքան կարճ ժամանակահատվածում:
Պաշտպանը համոզված է, որ, հնարավոր է, մինչև քննիչը խուզարկեր մի սենյակը, մյուս սենյակից ինչ-որ բան տեղափոխեին այնտեղ:
Ապա Հայկ Ալումյանը ներկայացրեց Սյունիքի նախկին մարզպետի նախկին դատվածությունները` 1975-1999 թթ. ընկած ժամանակահատվածում: Ըստ Ալումյանի` Սուրիկ Խաչատրյանը մեղադրվել է խուլիգանության, գողության և այլ հանցանքների մեջ: Ի դեպ, պաշտպանի փոխանցմամբ` քրգործերից մեկի որոշումն այդպես էլ չի կայացվել: