Հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդման, ոստիկանական ստորաբաժանումների աշխատանքի թափանցիկությունն ապահովելու, քաղաքացիներին անհրաժեշտ տեղեկություն տրամադրելու նպատակով` ոստիկանությունում սեպտեմբերի 9-ից սկսած, ամեն երեքշաբթի, գործելու է «Ուղիղ կապ», որի ընթացքում քաղաքացիներին հետաքրքրող հարցերին կպատասխանեն ոստիկանության ստորաբաժանումների պատասխանատուները:
Սեպտեմբերի 9-ին «Ուղիղ կապ»-ի հյուրն են լինելու Ճանապարհային ոստիկանության պետի հաշվառման-քննական և տեխնիկական փորձաքննության գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Տոնոյանը և ՃՈ իրավաբանական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արման Չիլինգարյանը:
Քաղաքացիները կարող են հարցեր ուղղել վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունների, վարորդական վկայական ստանալու, վարորդական վկայականը փոխանակելու, կորցրած վարորդական վկայականի փոխարեն նորը ստանալու կարգերի, ճանապարհային ոստիկանության կողմից մատուցվող ծառայությունների տեսակների ու դրանց դիմաց նախատեսվող վճարների չափերի, ինչպես և ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական բաժինների կողմից տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման գործընթացի վերաբերյալ: Կարող եք զանգահարել ժամը 14.30-ից մինչև 16.30-ը՝ 010-59-60-54 հեռախոսահամարով: