Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում մասնակցել է Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:
ՀՀ կառավարության և անձամբ իր անունից շնորհավորելով ԱԻՆ աշխատողներին տոնական օրվա կապակցությամբ՝ Հովիկ Աբրահամյանը նշել է.«Արտակարգ իրավիճակների աշխատող լինելը կոչում է, որը դուք կրում եք արժանապատվորեն և բարձր գիտակցությամբ՝ ցանկացած պահի պատրաստ լինելով անձնական զոհողության գնով պաշտպանել մեր բնակչությանը արտակարգ իրավիճակներում:Նախարարության բազմաբովանդակ գործունեությունը թույլ է տալիս վստահորեն ասել, որ արտակարգ իրավիճակներում մեր պետության անվտանգությունը երաշխավորված է: Դա հնարավոր դարձավ ձեր կողմից նոր գիտելիքների և հմտությունների ձեռքբերման, ինչպես նաև ժամանակակից մեթոդների ներդրման և կիրառման շնորհիվ:
Հպարտությամբ եմ նշում, որ մեր փրկարարների անձնվեր աշխատանքն այսօր չի սահմանափակվում միայն Հայաստանի տարածքով: Աղետների հետևանքների վերացմանն ուղղված ձեր գործունեությունը բարձր գնահատանքի է արժանացել նաև Հայաստանի սահմաններից դուրս: Շնորհիվ այդ ամենի բարձրացել է նաև Հայաստանի Հանրապետության հեղինակությունը միջազգային ասպարեզում»:
Վարչապետի խոսքով՝ մինչև կատարյալ ծառայություն իրականացնելը դեռ ճանապարհ կա անցնելու, հատկապես գիտական կարողությունների բարձրացման, աղետների կառավարման և բնակչության ազդարարման համակարգի արդիականացման առումով: Սակայն, Հովիկ Աբրահամյանը վստահություն է հայտնել, որ նախարարության կողմից իրականացվող շարունակական քայլերը մոտ ապագայում կտան դրական արդյունքներ:
«Ցանկանում եմ վստահեցնել ձեզ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսուհետ ևս ուշադրության կենտրոնում է պահելու ոլորտի հետագա զարգացման և կատարելագործման խնդիրները՝ հետևողական քայլեր իրականացնելով արտակարգ իրավիճակների աշխատողների սոցիալական պաշտպանվածության և աշխատանքային պայմանների բարելավման ուղղությամբ»,- ընդգծել է վարչապետ Աբրահամյանը և ԱԻՆ աշխատակիցներին մաղթելերջանկություն, բարեկեցություն ու անվտանգ ծառայություն:
Մասնագիտական բարձր պատրաստականության, ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների համար և Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ Հովիկ Աբրահամյանը վարչապետի հուշամեդալով է պարգևատրել ՀՀ ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տեղեկատվության վարչության պետ Սևակ Մխիթարյանին, «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի տնօրեն Մովսես Պողոսյանին: ՀՀ վարչապետի շնորհակալագրերով են խրախուսվել ՀՀ ԱԻՆ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենուհի Գրիգորյանը և ԱԻՆ աշխատակազմի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փրկարար ծառայության գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը: