Օրեր առաջ լուր տարածվեց, որ Արարատի մարզի Սայաթ-Նովա համայնքի միջնակարգ դպրոցում աշակերտներից մեկը վայր է ընկել երկրորդ հարկի պատուհանից ու մահացել:
«Ժողովուրդ»-ն այս կապակցությամբ կատարեց իր սեփական լրագրողական հետաքննությունը: Դիմեցինք Սայաթ-Նովա համայնքի դպրոցի տնօրեն Ժենյա Ղարսյանին, ով հավաստեց, որ հակառակ տարածված լուրերի` իրենց դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Հրանտ Զախարյանը մահացել է ոչ թե դպրոցի երկրորդ հարկի պատուհանից վայր ընկնելու, այլ բնածին հիվանդության պատճառով: Նա ասաց նաեւ, որ նույն օրվա առավոտյան մայրը դեղ է տվել տղային եւ ուղարկել դպրոց. «Տղան տառապում էր էպիլեպսիա հիվանդությամբ: Առանձնապես թույլ երեխա էր` մտավոր ու ֆիզիկական թերություններով: Սա դպրոցում վատանալու առաջին դեպքը չէր: Այդ օրը` առաջին դասաժամին, շատ լավ է զգացել, դասամիջոցին դուրս է եկել բակ` համադասարանցիների խաղը դիտելու: Փորձել է բակի կողմից ներս նայել առաջին հարկի լուսամուտից: Այդ պահին սկսվել է հերթական նոպան: Մեզ կանչեցին: Ֆիզկուլտուրայի ուսուցիչը, մինչ մոր գալը, օգնություն ցուցաբերեց: Այնուհետեւ մայրը սրսկեց, սակայն միջամտությունն օգուտ չտվեց: Դե լավ գիտեք, շտապօգնության մեքենան էլ, ինչպես միշտ, ուշացավ, մենք էլ անձնական մեքենայով երեխային, մորն ու տատիկին ուղարկեցինք Մասիսի հիվանդանոց»:
Մեզ հաջողվեց խոսել նաեւ տղայի մոր` Մարինա Զախարյանի հետ, ով հավաստեց, որ տղան մահացել է սրտի կաթվածից: Իսկ շրջանառվող լուրերն այն մասին, թե տղայի մահվան մեջ մեղավոր է դպրոցի տնօրինությունը, Մարինան բացառեց:
«Երբ ես եկա դպրոց, հասկացա, որ տղաս արդեն մահացած է: Չնայած դրան, ես նրան սրսկեցի, մտածում էի` հրաշք կկատարվի ու նա կփրկվի, բայց… Ես ուսուցիչներից միշտ էլ գոհ եմ եղել: Տղաս մանկուց հաշմանդամ էր, մանկավարժներն առանձնահատուկ ուշադրության էին արժանացնում նրան: Մենք ոչնչով նրա օգնել չէիք կարող»,-ասաց երեխայի մայրը:
Մտորելու տեղիք է տալիս այն հանգամանքը, թե ինչու ենք մենք օրինաչափ համարում եւ համակերպվում, երբ շտապօգնության մեքենան «ինչպես միշտ» ուշանում է: Գուցե ժամանակին տեղ հասած բժիշկները կարողանային փրկել 15-ամյա դեռահասի կյանքը:
ՏՂԱՅԻ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌՆ ԱՅԼ ԷՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ