ՀԱԿ գյումրեցի ակտիվիստներից մեկին՝ ազատամարտիկ Ժորա Աթոյանին, սպառնում է ավելի քան 6 տարվա ազատազրկում, քանի որ նրա դեմ քրեական գործ է հարուցվել երկու ծանր հոդվածներով. նա մեղադրվում է խարդախություն կատարելու, կեղծ փաստաթղթերով զինվորական կենսաթոշակ ստանալու եւ պետությանը 8.733.879 դրամի վնաս պատճառելու մեջ: Ապրիլի 16-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում կայացած հերթական դատական նիստի ժամանակ մեղադրող կողմը հրապարակեց մեղադրական ճառը: Պետմեղադրող Հարություն Հարությունյանն իր խոսքում եւս մեկ անգամ հաստատեց այն, որ Աթոյանը մեղադրվում է կեղծ փաստաթղթերով զինվորական կենսաթոշակ ստանալու եւ պետական գումարներ յուրացնելու մեջ, ուստի նա դատարանին առաջարկեց ամբաստանյալ Ժորա Աթոյանին դատապարտել ազատազրկման 6 տարի 6 ամիս ժամկետով: Նշենք, որ շուրջ մեկ ամիս սույն գործով դատական նիստերը հետաձգվում էին ազատամարտիկ Ժորա Աթոյանի առողջական վիճակի պատճառով. «Մարդը գնացել, կռվել, իր առողջությունը թողել է մարտի դաշտում, այսօր մի ոտքը դատարանում, մյուսը հիվանդանոցում է, նրա առողջական վիճակը խիստ սրվել է, մեկ ամիս պառկած էր Գյումրու մարզային հիվանդանոցում»,-ասաց Աթոյանի փաստաբան Աննա Դավթյանը:
Նշենք, որ ազատամարտիկը չի ընդունում մեղադրանքը: Ըստ գործի նյութերի` Ժորա Աթոյանը, 2005-2010թթ. ընթացքում օգտագործելով Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի սահմանների պաշտպանության ժամանակ վիրավորված լինելու մասին կեղծ փաստաթղթեր, ստացել է զինվորական կենսաթոշակ եւ պետական անհատույց աջակցություն՝ պետությանը պատճառելով ընդհանուր առմամբ 8 միլիոն 733 հազար դրամի վնաս:
Ժորա Աթոյանի կարծիքով` այսպիսով փորձում են հաշվեհարդար տեսնել իր հետ` քաղաքական հայացքների համար, քանի որ նա ՀԱԿ-ի համախոհ է. «Իմ նկատմամբ քաղաքական հետապնդում են իրականացնում իմ քաղաքական հայացքների համար, նաեւ կա անձնական հաշվեհարդար, ես որեւէ մեղք չեմ գործել, թերեւս իմ միակ մեղքն այն է, որ Աստծո կամքով պատերազմի դաշտում կենդանի եմ մնացել»:
Դատարանը սույն գործով հարցաքննել է 15 վկաների: Հարցաքննության է ենթարկվել Վարդան Մայիլյանը, ով Գյումրու 4-րդ գումարտակի հրամանատարն է եղել: Նա դատարանում ասել է, որ Ժորա Աթոյանին տեսել է մարտի դաշտում` գլխից վիրավոր. «Նա ընկած էր խրամատներում, օգնել եմ, բարձրացրել, տարել մեր զորամաս, թեպետ նա Գյումրու գումարտակից չէր, Մասիսից էր, բայց օգնություն եմ ցույց տվել նրան` որպես անմարտունակ զինվորի»:
Հիշեցնենք, որ մեղադրող կողմը պնդում է, որ ազատամարտիկի ներկայացրած` 1994թ. մարտական դիրքերում վիրավորված լինելու մասին փաստաթղթերը կեղծ են եղել: 1994թ. մարտական դաշտից նա տեղափոխվել է հիվանդանոց, ընդունվել այլ ախտորոշմամբ, որը կապ չունի բեկորային կամ այլ վիրավորման հետ: Իսկ 2005թ. ուրիշ ախտորոշմամբ ձեւակերպվել է որպես թոշակառու, հաշմանդամ եւ պետությունից ստացել 8 միլիոն դրամից ավելի գումար:
Ավելացնենք, որ անցած տարվա հուլիսին գյումրեցի նախկին ազատամարտիկներ Հրաչյա Ավետիսյանը եւ Սուսաննա Պետրոսյանը նույն մեղադրանքով դատապարտվել են 3 տարվա ազատազրկման:
Գյումրի