Նախորդ տարվա հունիսի մեկին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ հնչած կրակոցների քրգործը շարունակում է անհավանական ընթացք ունենալ:
Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց մեղադրյալ Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը, իրենք արդեն 5 բողոք են ներկայացրել դատարանի որոշումների դեմ: Դրանցից առաջինը եղել է Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդման դադարեցման դեմ, մյուսը՝ Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդման դադարեցման դեմ (պատճառը նրա մահանալն է), երրորդը՝ Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ քրեական գործի չհարուցելու:
Պաշտպանը նկատեց, որ վերջինն ավելի շուտ է քննության առնվել` մերժման որոշմամբ: Նրա համոզմամբ` նախաքննական մարմնի այն դիտարկումը, թե Ավետիք Բուդաղյանին ծեծի է ենթարկել միայն Զարզանդ Նիկողոսյանը, իրականությանը համապատասխանել չի կարող, քանի որ վերծանված ձայնագրությունից պարզ է դարձել, որ ծեծողներից մեկը եղել է հենց նախկին մարզպետը:
«Երեկ Վերաքննիչ քրեական դատարանը մերժման որոշում է կայացրել»,- նշեց Ալումյանը:
Վերջինս անդրադարձավ նաև տեղում հայտնաբերված զենքերին` հարց հնչեցնելով, թե ինչպես կարող էր ինքնաշեն զենքը դառնալ օրինական, որի համար հետո Սուրիկ Խաչատրյանն, անգամ, պարգևատրվել է: Իսկ «Նագան» տեսակի հրազենը, որի մասին խոսվում է ձայնագրությունում, ընդհանրապես չի հայտնաբերվել:
Հայկ Ալումյանը ներկայացրեց Սուրիկ Խաչատրյանի առանձնատան խոհանոցում արված ձայնագրությունները:
Ավելի մանրամասն` Armlur.am-ի տեսանյութերում: