ՀԱՎԱՏԱ՛, ՎՍՏԱՀԻ՛Ր, ՊԱՀԱՆՋԻ՛Ր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային Ժողովի պատգամավոր, ԲՀԿ անդամ Տիգրան Ստեփանյանը, որը երկրորդ անգամ է առաջադրվում թիվ 16 ընտրատարածքում, վստահեցնում է, որ նախորդ 5 տարիների իր օրենսդրական գործունեությունը միտված է եղել Մասիս քաղաքի եւ նրա հարակից շրջանների բնակիչների կեցության բարելավմանը եւ նրանց հուզող խնդիրների լուծմանը:
Դիմելով իր ընտրողներին` Տիգրան Ստեփանյանը նշել է. «Անցած տարիները յուրաքանչյուրիս համար էլ եղել են որոնման, նորի հաստատման, բազմաթիվ ծրագրեր կյանքի կոչելու տարիներ։ Առաջնորդվելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության` «Մեր խոսքը գործ է» կարգախոսով, ինքս էլ իմ հերթին ձգտել եմ անել հնարավորը` իրականություն դարձնելու մեր կուսակցության եւ իմ տված խոստումները` լինեն դրանք գյուղի եւ գյուղատնտեսության զարգացման, հողի աշխատավորի հոգսերի թեթեւացման, թե սոցիալկենցաղային, կրթամշակութային բնագավառների վերաբերյալ։ Մեր անձնական միջոցներով Մասիս քաղաքի տարածշրջանի` մայրաքաղաքում սովորող ուսանողների անվճար տեղափոխման համար 2006թ-ից մինչ օրս տրամադրվել են ավտոբուսներ»:  
Տիգրան Ստեփանյանը համոզված է, որ ճիշտ ռազմավարության եւ օրենսդրական բարեփոխումների շնորհիվ մեր երկրում ապահովված կլինեն կայունությունն ու անվտանգությունը, կունենանք ավելի հզոր պետություն, իսկ տնտեսությունը կդառնա ավելի մրցունակ: Օրենսդրական մշտական գործունեության շնորհիվ կարելի է հասնել քաղաքացիական հասարակության եւ իրավական պետության կայացման: Եւ այդ ամենի հիմքում պետք է լինի ժողովրդավարական արժեքների խորացումը:
«Մեր կուսակցության գերակա նպատակն է կառուցել բարգավաճ եւ բարեկեցիկ երկիր` մարդու լիարժեք ինքնադրսեւորման, իր հնարավորություններն ու ներուժը լավագույնս դրսեւորելու համար։ Իսկ դրա համար անհրաժեշտ է գործնական մասնակցություն համայնքային զարգացման ծրագրերին, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքների բարելավմանն ուղղված օրենսդրական նախաձեռնություններին, երկրի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացում»,-ասում է նա:
«Ուժեղ է գյուղը, ուժեղ է պետությունը,-հավաստիացնում է ԱԺ պատգամավորը եւ հավելում,-գյուղի վերածնունդը մեկ բանաձեւ ունի` «Հողը պետք է կերակրի գյուղացուն, գյուղացին` երկրին»։ Ակտիվ օրենսդրական գործունեության արդյունքում միայն  կարելի է  նշյալ բանաձեւը կյանքի կոչել: Գյուղմթերքների անկորուստ իրացման եւ վերամշակման համար մեր տարածաշրջանում անհրաժեշտ է նոր արտադրության  ձեւավորում, որը կնպաստի նաեւ նոր աշխատատեղերի ստեղծմանը։ Անհրաժեշտ է նաեւ փոքր եւ միջին բիզնեսի ակտիվացման ու զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծում, գործունեության մատչելիություն ու հասանելիություն բոլոր նրանց համար, ովքեր պատրաստ են ստեղծել, հիմնել, արարել»։
Պատահական չէ, որ Տ. Ստեփանյանի նախընտրական ծրագրի դրույթների գերակա մասը միտված է գյուղատնտեսության զարգացման ուղիներին: Նա կարեւոր գործոն է համարում գյուղացիական տնտեսությունների համար բարենպաստ պայմանների ստեղծումը, ինչն իր հերթին կնպաստի եւ կապահովի կենսապահովման համար անհրաժեշտ պայմաններ։
«Վաստակած հանգիստը եւ արժանապատիվ կենսաթոշակը պետք է լինեն ոչ թե առանձնահատկություն, այլ ինքնին ընդունելի եւ բնական վիճակ»,-նշում է իր ընտրատարածքի բնակիչների խնդիրներին լավածանոթ պատգամավորի թեկնածուն: «Մեր  տարեցները պետք է ապրեն արժանավայել ու բարեկեցիկ կյանքով, իսկ դրա համար օրենսդրական բարեփոխումներ են պետք սոցիալական ոլորտում: Միաժամանակ կան նաեւ բազմաթիվ անելիքներ, կիսատ մնացած ծրագրեր, որոնց ուղղությամբ, ձեր վստահության քվեին կրկին արժանանալու դեպքում, ծրագրում եմ ակտիվ պատգամավորական գործունեություն ծավալել եւ շարունակել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության`  «ՀԱՎԱՏԱ՛, ՎՍՏԱՀԻ՛Ր, ՊԱՀԱՆՋԻ՛Ր» կարգախոսի ներքո»,-խոստանում է մեկ անգամ ժողովրդի քվեն արդեն ստացած պատգամավորը:

ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ
R




Լրահոս