Հույս ունենք, որ 2015-ին կընդունվի այն օրենքը, որով քրեականորեն կհետապնդվի յուրաքանչյուր ոք, ով կժխտի Հայոց ցեղասպանության փաստը: Այսօր ՀՀ Ազգային ժողովում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին նշեց Ֆրանսիայի ԱԺ Սոցիալիստական կուսակցության խմբակցության նախագահ Բրյունո Լը Ռուին:
Նշենք, որ նա ֆրանսիական պատվիրակության հետ Հայաստան է ժամանել ֆրանսիացի հասարակական-քաղաքական գործիչ Ժան Ժորեսի մահվան 100-րդ տարելիցի արարողություններին մասնակցելու համար:
Լը Ռուին շեշտեց, որ հավատարիմ են մնում Ֆրանսիայի նախագահի որդեգրած արժեքներին և դիքորոշմանը:
«Ժամանակը հասել է, որ ընդունվի քրեականորեն պատժելու օրինագիծը: Ուզում եմ ասել, որ պետք է դադարեցնել բոլոր տեսակ նախաձեռնությունները, որոնք խանգարում են նման օրենքի ընդունմանը, և որոնցով կքրեականացվի Ցեղասպանության ժխտման փաստը:
Այլևս քաղաքական խնդիր այստեղ չկա, բոլորն են միակարծիք, որ անհրաժեշտ է քրեական հետապնդում իրականացնել Ցեղասպանությունը ժխտող մարդկանց հանդեպ»,- նշեց նա:
Բրյունո Լը Ռուին շեշտեց, որ այս դիրքորոշումն ունի նաև Ֆրանսիայի նախագահը: Ըստ Ֆրանսիայի իշխող կուսակցության ղեկավարի` այսօր հարցը միայն իրավական դաշտում է մնացել:
«Անմիջապես, երբ ունենանք այնպիսի տեքստ, որն իրավական առումով խոչընդոտներ չի ստեղծի, կկարողանանք այդ օրինագիծն ընդունել»,- ասաց նա: