Ցանկությունը քաղաքական կատեգորիա չէ. Էդ. Շարմազանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի հանրապետական կուսակցությունը Սյունիքի նոր մարզպետի նշանակման հարցը դեռ չի քննարկել: Այս մասին այսօր, լրագրողների հարցին ի պատասխան, նշեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Կուսակցությունը կքննարկի. երբ որոշումը կայացնի, բոլորդ կիմանաք»,-ասաց Շարմազանովը:

Նրա խոսքով` Սյունիքի՝ արդեն նախկին մարզպետ Վահե Հակոբյանը նշանակվել է շատ պատասխանատու մի  պաշտոնում: ԱԺ փոխնախագահը հույս հայտնեց, որ նոր պաշտոնում Հակոբյանը ևս կարդարացնի իրեն, ինչպես մարզպետ լինելու ժամանակ էր:

Իսկ հարցին՝ եթե նորից քննարկվի Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի` մարզպետի պաշտոնում նշանակվելու հարցը, և Սյունիքի բնակիչներն իրենց դժգոհությունն արտահայտեն, արդյոք ՀՀԿ-ն հաշվի կառնի՞ մարդկանց դժգոհությունը, Շարմազանովը պատասխանեց. «Ես ձեր հարցին արդեն պատասխանել եմ. մարզպետի հարց չի քննարկվել, երբ քննարկվի, ձեզ կներկայացնեմ»:

«Ցանկություն ունե՞ք, որ հենց Խաչատրյանը նշանակվի» հարցին ի պատասխան` Շարմազանովը նկատեց` ցանկությունը քաղաքական կատեգորիա չէ:




Լրահոս