Ավարտվեց Ազգային մրցանակաբաշխությունը, որն այս տարի, չնայած կազմակերպիչների խոստումներին, ամենեւին էլ աննախադեպ չէր: Մինչ անվանակարգերի հաղթողների անունները ներկայացնելը, մի քանի կուլիսային մանրամասներ, որոնց անձամբ ենք ականատես եղել ու, անկեղծ ասած, շատ վիրավորվել լրագրողների հանդեպ տածած վերաբերմունքի համար:
Պարզվում է` նույնիսկ նախօրոք հավատարմագրված լրագրողները, ըստ տրված անցագրերի, իրավունք չունեին դահլիճ մտնելու, անցագրի վրա հենց այդպես էլ գրված էր. «Տվյալ անցաթղթով արգելվում է մուտքը դահլիճ եւ ետնաբեմ: Ուժի մեջ է 15 ապրիլի, 2012թ.»: Զարմանալի է, այդ դեպքում ինչի՞ համար էինք հավատարմագրվում, որ կարողանանք մուտ գործել Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բուֆե՞տ, թե՞ զուգարան… Դա դեռ ամենը չէ, շատ լուսանկարիչներ այդպես էլ չկարողացան կատարել իրենց աշխատանքը, նրանց անցաթղթի վրա նույնպես վերը նշված գրառումն էր:
Մի անախորժ միջադեպ էլ տեղի ունեցավ նախքան միջոցառման սկսվելը, երբ Ազգային երաժշտական մրցանակաբաշխության կազմակերպիչներից մեկը, նաեւ Թաթա Սիմոնյանի պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը, ծեծկռտուքի բռնվեցին մի լուսանկարչի հետ, ով, ի դեպ, ինչպես հետո պարզեցինք, «Ֆոտոլուր»-ի տնօրեն Մելիք Բաղդասարյանն էր: Այդ տհաճ միջադեպից հետո «Ժողովուրդ»-ը մոտեցավ պարոն Բաղդասարյանին` պարզելու պատճառը. «Մենք, ինչպես կարգն է, հավատարմագրվել էինք նկարահանում կատարելու համար, քանի որ համարյա բոլոր թերթերն ու սայթերը մեզնից նկարներ են սպասում: Բայց եկանք ու փաստի առաջ կանգնեցինք: Պարզվեց` չեն թողնում ներսում նկարել: Բեյջ էլ ստացել ենք, բեյջի վրա էլ գրված է միայն ֆոյեում, ներս մտնել չի կարելի: Ի՞նչ է նշանակում մուտքը դահլիճ եւ կուլիսներ արգելվում է: Փորձեցինք բացատրել, նույնիսկ վիճաբանեցինք մենեջերի` Գրիգորի հետ: Մրցանակաբաշխությունն արդեն սկսվել է, բայց մեզ մինչեւ հիմա չեն թողել ներս մտնել: Իրենց մենաշնորհն է այստեղ, մեզ չեն թողնում: Ես առաջին տարին չէ, որ լուսանկարչությամբ եմ զբաղվում, վաղուց աշխատում եմ, եւ երբեք այս տեսակ պրոբլեմ չի եղել: Ի՞նչ է նշանակում չի կարելի նկարել: Բա էս միջոցառումն ո՞ւմ համար է: Ուրեմն հավատարմագրել են ֆոյեում նկարելու համա՞ր: Սենց բան չի եղել, որ չթողնեն: Նախորդ մրցանակաբաշխություններին ներսից նկարվել է: Շատ միջոցառումներ են լինում, որ ուղիղ եթեր է, բայց այս տեսակ խնդիրներ չեն եղել»: Ի դեպ, վաստակաշատ, հայտնի լուսանկարիչ Մելիք Բաղդասարյանը 62 տարեկան է, բայց նրա հետ կռվի բռնվելուց առաջ Գրիգոր Նազարյանը դա բնավ էլ հաշվի չառավ: Փաստորեն, միջոցառման կազմակերպիչներն անգամ դիմացինի տարիքն ու վաստակը չեն հարգում: Հետո էլ գեղեցիկ կոստյում են հագնում, բարձրանում բեմ ու մրցանակ տալիս:
Այս անհեթեթ կարգից դժգոհ էին նաեւ այլ լուսանկարիչներ, օրինակ` «Ֆրանսպրեսս»-ի եւ «Ազատության» լուսանկարիչ Կարեն Մինասյանը. «Մի ժամ է` պայքարում ենք դրա համար, ամեն ձեւով խոսեցինք, բացատրեցինք, պրոֆեսիոնալիզմից խոսեցինք: Մարդիկ պրոֆեսիոնալիզմ են համարում այն, որ չեն թողնում նկարել: Վախենում են, որ իրենց ուղիղ եթերը կխափանվի, բայց չէ՞ որ մենք մեր աշխատանքն ունենք եւ որեւիցե այլ մարդկանց աշխատանքին չենք խանգարում: Թող մեզ երկու մետր տեղ տային ու ասեին` այստեղից չեք շարժվում, որ չխանգարեք, մենք էլ այդտեղից կնկարեինք: Բայց ասում են` ընդհանրապես չի կարելի: Ա~յ քեզ բան»:
Չնայած նրան, որ մեր` հավատարմագրված լրագրողների մուտքն արգելվում էր դահլիճ, այնուամենայնիվ, մենք ներս մտանք ու լավ էլ հարմար տեղավորվեցինք. դահլիճում շատ ազատ տեղեր կային: Իսկ արդեն կեսից շատ-շատերը պարզապես թողեցին ու հեռացան: Ով մրցանակ էր ստանում, վերցնում ու գնում էր, միայն համբերատարներն ու հետաքրքրասերները մնացին մինչ ավարտը` գիշերվա 2:15-ը:
Այս տարի ո՛չ կարմիր գորգի վրա, ո՛չ էլ դահլիճում չնկատեցինք շատ հայտնի մարդկանց` Նունե Եսայան, Շուշան Պետրոսյան, Արսեն Սաֆարյան, Հայկո եւ Անահիտ Սիմոնյան, Արսեն Գրիգորյան (Ասո), Լեյլա Սարիբեկյան, Արսեն Գրիգորյան (Մրո), Ալլա Լեւոնյան, Արսեն Գրիգորյան (ռոմանս), Զարուհի Բաբայան, Քրիստինե Պեպելյան, Մհեր, Սոֆի Մխեյան, Ռազմիկ Ամյան, Սիլվա Հակոբյան, Արամե, էմմա Պետրոսյան ու Արամո, Ֆորշ, Անդրե, Միստր X, Նարեկ Բավեյան… Բայց պարզ չէր` նրանց չեն հրավիրել, թե վերը նշված երգիչներն ուղղակի զբաղված են եղել ու չեն կարողացել ներկա գտնվել այս հույժ կարեւոր իրադարձությանը:
Այնուամենայնիվ, հանուն արդարության պետք է նշենք, որ այս տարի կազմակերպիչները վերջապես հասկացան, որ լավագույն երգիչ-երգչուհի պետք է ընտրել նրանց, ովքեր տարվա ընթացքում իսկապես գործ են արել, երկրի անունը հնչեցրել ու դրոշը բարձրացրել: Սոնա Շահգելդյանն ու իր ընտանիքի անդամներն այս տարի դժգոհ չհեռացան դահլիճից, ինչպես դա եղավ անցյալ տարի: «Տարվա լավագույն երգչուհու» կոչմանն արժանացավ Սոնան, ով չթաքցրեց, որ մրցանակն իր համար սպասված էր, ու նաեւ նկատեց. «Այս տարվա մրցանակաբաշխությունն ավելի լավ ձեւով անցկացվեց, զգացի, որ կարգը փոխվել է, շատ բաներ են փոխվել»: «Լավագույն երգչի» կոչմանն էլ արժանացավ Էրիկը, ում համար մրցանակն իրոք անսպասելի էր: Երգիչը չէր կարողանում թաքցնել հուզմունքն ու խոստովանեց, որ չէր էլ մտածում, թե իրեն կտան:
Ամփոփելով նշենք, որ սա Հանրային հեռուստաընկերության հերթական միջոցառումն էր, որտեղ փայլեցին բացառապես սեփական արտադրության «աստղերը»:
ԱԶԳԱՅԻՆ ԽԱՅՏԱՌԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ