ՀՅԴ-ն կոալիցիա կազմելու խնդիր չունի. Ա. Ռուստամյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՅԴ-ն իր առջև ոչ մեկի հետ կոալիցիա կազմելու խնդիր չի դրել: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` անդրադառնալով գործող իշխանությունների հետ հնարավոր բանակցություններ սկսելու մասին լուրերին:

«Նույն կերպ խոսակցություններ եղան նաև, երբ մեր 7 կետերն էինք ներկայացնում: Այն ժամանակ էլ ասացին, որ ուզում ենք կոալիցիա կազմել: Մենք մեր տեսակետներն ունենք 20-25 տարի, նույն տեսակետը արտահայտել ենք և շարունակում ենք պաշտպանել», – նշեց նա:

Ռուստամյանի խոսքով՝ ՀՅԴ-ն ողջունում է իրենց տեսակետներից գոնե մեկի ընդունումը: «Անկախ նրանից, թե ով է դա անում, մենք պատրաստ ենք համագործակցել և մինչև վերջ մեր նպատակին հասնել: Այդ ո՞ւմ համար է նորություն, որ դաշնակցությունը կառավարման խորհրդարանական մոդելի կողմնակիցն է», – ընդգծեց  ՀՅԴ խմբակցության ղեկավարը:

Ռուստամյանը վստահեցրեց, որ առկա բոլոր քաղաքական ուժերը, բացի ՀԱԿ-ից, խորհրդարանական մոդելին կողմ եղել են, այդ թվում՝ ՀՀԿ-ն:

«Եթե իրենք ինչ-որ բան ասում են, ապա ինչ-որ պայմանների բերումով կարող են հրաժարվել, դա Դաշնակցության հետ չի կարող առնչվել: Դաշնակցությունը սկզբունքային քաղաքականություն վարող կուսակցություն է: Եթե իրենք մեր մոտեցումների հիման վրա նախագիծ չբերեն, մենք այդ դեպքում աննպատակ կհամարենք փոփոխությունները, բայց եթե նախագիծը դեռ չկա, ընդհանրապես դրա դեմ խոսելն անհասկանալի է, – ասաց Ռուստամյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Ժողովուրդ»-ը գրել էր, թե  Հայ Հեղափոխական Դաշնակցությունը գործող իշխանությունների հետ սկսել է բանակցություններ վարել: Ըստ ամենայնի, իշխանություններն այժմ փորձում են «քառյակից» «պոկել» ՀՅԴ-ին, քանի որ Դաշնակցությունը միակ ընդդիմադիր քաղաքական ուժն է, որ սահմանադրական բարեփոխումների մասին դրական է արտահայտվում:




Լրահոս