Մեկնարկում են Երեվանը 2012-ի գրքի համաշխարհային մայրաքաղաք հանդիսությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ապրիլի 20-ից 23-ը Երևանում կլինի գրքին նվիրված միջոցառումների իսկական հրավառություն: Երևանում մեկնարկում է “Երևանը 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք” և “Հայատառ տպագրության հիմնադրման 500-ամյակին” նվիրված տոնական հանդիսությունների հիմնական մասը:Ցուցահանդեսներ, համերգներ, ֆիլմերի և գրքերի շնորհանդեսներ, քանդակի բացում և որ ամենակարևորն է՝միջոցառումների գագաթնակետը համարվող Մատենադարանի հարակից տարածքում ՅՈւՆԵՍԿՕ-ի “Գրքի համաշխարհային մայրաքաղաք” տիտղոսի փոխանցման շքեղ հանդիսություն:Միջոցառումների ծրագրերն առավել մանրամասն այսօր ներկայացրեցին “Հայատառ տպագրության հիմնադրման 500-ամյակի միջացառումները նախապատրաստող պետական հանձնաժողովի քարտուղար, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:Վիգեն Սարգսյանն այդ միջոցառումների շարքից առանձնացրեց ապրիլի 22-ին աշխարհահռչակ տենոր Արնդրեա Բոչելիի Ազատության հրապարակում նախատեսված մենահամերգը՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի, պետական կամերային և “Հովեր” երգչախմբի մասնակցությամբ: “Դա մի յուրօրինակ երաժշտական ողջույն է Իտալիայից, որը հայոց գրատպության օրրան է եղել: Գիտենք, որ առաջին հայ գիրքը՝ Ուրբաթագիրքը տպագրվել է Վենետիկում 1512թ-ին”,-ասաց նա, ապա շարունակեց, որ ապրիլի 21-ին Գաֆէսճյան կենտրոնում կբացվի “ArmBookExpo” գրքի ցուցահանդեսը, որտեղ ներկայացված է Հայաստանում և աշխարհի տասնյակ երկրներում տպագրված հայերեն և բազմալեզու գրականությունը, որն ի դեպ ամբողջությամբ կնվիրաբերվի Հայաստանի ազգային գրադարանին:
Ապրիլի 22-ին, նրա խոսքով, Երևանը կվերածվի մեծ տոնական հրապարակի, որի տարբեր հատվածներում, պուրակներում, հրապարակներում, և երևանցիների սիրված վայրերում օրվա տարբեր ժամերին տեղի կունենա համերգներ, ներկայացումներ ու տոնական հանդեսներ:
Վիգեն Սարգսյանը նշեց, որ Գրքի երևանյան տոնին մասնակցելու նպատակով այդ օրերին Հայաստանում կլինեն աշխարհի ավելի քան 30 երկրների պատվիրակներն ու 5 տասնյակից ավելի պատվո հյուրեր:Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն անդրադարձավ արդեն իսկ իրականացված միջոցառումներին՝ նշելով, որ Հայաստանը դեռևս անցյալ տարվանից սկսել է ակտիվ մասնակցել միջազգային ցուցահանդեսների՝ Ժնև, Պեկին, Վարշավա, Փարիզ, Սալոնիկ, Ֆրանկֆուրտ, Լոնդոնը և այլն: “Հաջորդը արդեն հայ տպագրությանը նվիրված ցուցահանդեսներն էին, որին վերաբերող առաջին համաժողովը տեղի է ունեցել Ալեքսանդրիայում, ակտիվ լայնածավալ միջոցառումներ եղան Վենետիկում՝ հայկական տպագրության 500-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսությունների մեկնարկը տրվեց հենց այստեղից”,-ասաց նա և շարունակեց արդեն իսկ կայացած միջոցառումների շարքը:Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ իր հերթին հավատացրեց, մայրաքաղաքը պատրաստ է ընդունել միջոցառման բոլոր հյուրերին, քաղաքապետերին, հեղինակավոր կազմակերպության անդամներին: Ըստ նրա, քաղաքապետարանն իր աշխատանքային թիմով նախապատրաստական աշխատանքներն արդեն կատարել է՝ շատրվանների, լուսավորման, ձևավորումների մասով, և միջոցառումները կսկսվեն արդեն ապրիլի 20-ին։
Քաղաքապետը նշեց, որ ոչ միայն քաղաքի կենտրոնում, այլ վարչական բոլոր 12 շրջաններում էլ միջոցառումներ կանցկացվեն: Կլինեն նաև գրքի վաճառքի համար հատուկ հատկացված տեղեր:”Ապրիլի 22-ին մեր ներողամտությունը կհայցենք վարորդներից, քանի որ որոշ փողոցներ ժամանակ ատ ժամանակ փակվելու են”,-զգուշացրեց Տարոն Մարգարյանը:




Լրահոս