
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 5-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնությունից ժամանած գործարար ու բարերար, “Լուդինգ” ընկերության համահիմնադիր Արթուր Վարժապետյանին:
Հանդիպմանը քննարկվել են հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել բարերարին Արցախին մշտապես սատարելու համար՝ նշելով, որ նման հայրենանվեր գործունեությունը կարեւոր եւ պահանջված է մեր հանրապետության կյանքում:
Այնուհետեւ Նախագահ Սահակյանը եւ Արթուր Վարժապետյանը մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մասնակցել են ԼՂՀ պետական մի շարք կառույցների եւ մի խումբ բազմազավակ ընտանիքների ավտոմեքենաների հանձնման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը ներկա էին Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: