ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ավարտին ներկայացվել է դաշինքի ընդունած հռչակագիրը, որից ներկայացնում են Լեռնային Ղարաբաղին վերաբերող հատվածը:
«ՆԱՏՕ-ն կշարունակի աջակցել Հարավային Կովկասում, ինչպես նաև Մոլդովայում հակամարտությունների լուծմանը միջազգային նորմերի և սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա: Այդ հակամարտությունների գոյությունը հատուկ մտահոգության առիթ է, քանի որ խոչընդոտում է որպես եվրոատլանտյան համայնքի անդամ տարածաշրջանի բնակիչների ողջ ներուժը բացահայտելուն: Բոլոր կողմերին կոչ ենք անում կառուցողաբար և քաղաքական կամք դրսևորելով մասնակցել խաղաղ կարգավորմանը` գործող բանակցային ձևաչափերի մեջ»,-նշվում է հռչակագրում:
Ընդ որում, ԼՂ հակամարտությանը վերաբերող հատվածը ներկայացվում է «Ռուսաստանի կողմից Ղրիմի անօրինական օկուպացիայի» ենթատեքստում:
«Ղրիմի ապօրինի օկուպացիան և ռազմական ինտերվենցիան Ուկրաինայի արևելքում հիմնավոր մտահոգություններ են առաջացրել Արեւելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի որոշ այլ գործընկերների շրջանում: Դաշնակիցները կշարունակեն աջակցել գործընկերների իրավունքը` արտաքին քաղաքականության մեջ ինքնուրույն եւ ինքնիշխան ընտրություն կատարելու հարցում, որը ազատ կլինի արտաքին ճնշումից եւ պարտադրանքից: Դաշինքի անդամները առաջվա պես աջակցում են Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Մոլդովայի տարածքային ամբողջականությանը, անկախությանն ու ինքնիշխանությանը», – ասվում է հռչակագրի մեջ:
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահները՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի նախաձեռնությամբ: